Հայաստանի ամենախոշոր դատափորձագիտական կազմակերպությունը՝ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, ամփոփ ներկայացրել է 2024 թվականին կատարած աշխատանքները:
Iravaban.net-ին բյուրոյից հայտնում են, որ Կազմարեպությունում 2024 թվականի ընթացքում քրեադատավարական օրենսդրության շրջանակներում 28 փորձագիտական տեսակներով, 115 ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով իրականացվել են 15.000-ից ավելի օբյեկտների դատական փորձաքննություններ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:
Դատափորձագիտական պրակտիկայում նորարարական տեխնիկական գործիքակազմի և ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխան հետազոտական մեթոդների ապահովման նպատակով Կազմակերպության փորձագիտական լաբորատորիաները նշված ժամանակահատվածում համալրվել են ժամանակակից մի շարք սարք-սարքավորումներով և ծրագրային ապահովումներով:
Փորձագիտական հետազոտական հնարավորությունների համալրման և ընդլայնման նպատակով շարունակվել են ժամանակակից գիտականորեն հիմնավորված քրոմատո-մասս-սպեկտրիոմետրիկ մեթոդների տեղայնացման և ներդրման, ինչպես նաև նմուշապատրաստման օպտիմալ մեթոդների փորձարկման և կիրառման ուղղություններով աշխատանքները:
Անցնող տարում շեշտակի ավելացել է Փորձաքննությունների ազգային բյուրոյում միջազգային չափանիշներին համապատասխան իրականացվող կենսաբանական ծագման բոլոր տեսակի նմուշների ԴՆԹ նույնականացման դատագենետիկական փորձաքննությունների թիվը՝ գրանցելով առաջադեմ արդյունքներ:
Միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցության արդյունքում նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել նաև ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման, քաղաքականության մշակման, անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների և կառուցակարգերի ձևավորման, ինչպես նաև ԴՆԹ հետազոտությունների լաբորատորիայի որակյալ գործունեության ապահովման ուղղությամբ:
2024 թվականին Կազմակերպությունում առանձին ուղղություններով (էկոլոգիական, ապրանքագիտական, հողագիտական և այլն), այդ թվում՝ արտերկրի գործընկերների հետ համատեղ իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա մշակվել են հետազոտությունների նոր մեթոդներ և մեթոդիկաներ, որոնց գործնական կիրառումն ապահովել է գիտականորեն հիմնավորված արդյունքներ:
Ընթացիկ տարում շարունակվել են նաև համապատասխան հետազոտական ուղղություններով տվյալների շտեմարանների համալրման աշխատանքները:
2024 թվականին հրատարակվել են դատափորձագիտական ոլորտի միակ՝ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» գիտական պարբերականի 11-րդ և 12-րդ համարները, որտեղ ներառվել են 32 գիտական հոդվածներ։
2024 թվականի ապրիլի 10-ին և 11-ին Կազմակերպությունը «GTH DNA Consulting Company» (ԱՄՆ) և «Eura DNA, Europe’s premier forensic DNA resource» (ԵՄ) առաջատար խորհրդատվական կազմակերպությունների, ինչպես նաև INTERPOL-ի հետ համատեղ Երևանում անցկացրել է “Advancing Forensic DNA Database Programs in Armenia” միջազգային տարածաշրջանային համաժողով, որը նվիրված էր ՀՀ-ում միջազգային առաջադեմ պահանջներին համապատասխան դատափորձագիտական ԴՆԹ տվյալների բազայի ձևավորմանը, տվյալ բնագավառի տեսական և գործնական արդի հարցերին:
Միջոցառման շրջանակներում ԱՄՆ, ԵՄ, Վրաստանի և այլ երկրների միջազգային ճանաչում ունեցող առաջատար փորձագետների կողմից ներկայացվել են տվյալների բազայի ձևավորման միջազգային փորձն ու արդիական մոտեցումները, ՀՀ-ում ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման ծրագրերի հեռանկարները, այդ թվում՝ ԴՆԹ տվյալների պահպանման գործընթացի իրավակարգավորումների միջազգային լավագույն փորձը:
2024թ. սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանում անցկացվել է միջազգային գիտագործնական գիտաժողով՝ «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակին։ Միջազգային գիտագործնական եռօրյա գիտաժողովը, որն առանձնացավ աննախադեպ ներկայացուցչական մասնակցությամբ (շուրջ 300 մասնակից), վերջին տարիներին Հայաստանում դատափորձագիտական բնագավառի ամենամասշտաբային իրադարձությունն էր, ինչը նոր խթան հանդիսացավ ոլորտի շարունակական գիտահենք զարգացման համար։ Գիտաժողովն իր շուրջ էր համախմբել ՀՀ պետական գերատեսչությունների, իրավապահ, գիտական և կրթական կառույցների ղեկավարների, հեղինակավոր գիտնականների, ինչպես նաև առաջատար մասնագետների ՀՀ-ից և աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից (այդ թվում՝ ԱՄՆ, ՌԴ, Շվեյցարիա, Գերմանիա, Ռումինիա, Մոլդովա, Իսրայել և այլն):
Մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման ու կատարելագործման նպատակով Բյուրոյի փորձագետներն անցնող տարում մասնակցել են ներպետական և միջազգային ավելի քան 30 առցանց գիտաժողովների, սեմինարների, գործնական դասընթացների, գիտագործնական կլոր սեղանների և այլ միջոցառումների:
Կազմակերպության համապատասխան ստորաբաժանումների փորձագետները մասնակցել են նաև Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) համապատասխան աշխատանքային խմբերի կողմից անցկացված համաժողովներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին, աշխատաժողովներին, որակավորման ստուգման թեստերին և ընթացիկ այլ աշխատանքներին՝ ապահովելով իրենց մասնագիտական ընդգրկվածությունը ժամանակակից գիտամեթոդաբանական աշխատանքային միջավայրում:
2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Կազմակերպությունում «Փորձագետի որակավորման հավակնորդի վերապատրաստման և/կամ կատարելագործման դասընթացի իրականացման» կարգով կատարվել է նախատեսված գործընթացի կազմակերպման գիտամեթոդական ապահովումը:
Անցնող տարում ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում են ստացել և վերաորակավորվել են 71 հավակնորդներ:
Նշված ժամանակահատվածում գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվել է փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների 98 աշխատողների ուսուցում և վերապատրաստում անհրաժեշտ թեմաներով ծրագրեր-սեղմագրերի մշակմամբ և ներդրմամբ:
Կազմակերպությունն ընթացիկ տարում համագործակցության հուշագրեր է ստորագրել ՌԴ գիտությունների ակադեմիայի Ա.Ն. Ֆրումկինի անվան Ֆիզիկաքիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտի, ամերիկյան առաջատար «GTH DNA» խորհրդատվական կազմակերպության, Ուկրաինայի արդարադատության նախարարության պրոֆեսոր Ն.Ս. Բոկարիուսի անվան Խարկովի դատական փորձաքննությունների գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Կազմակերպության հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում Ռումինիայի Դատական փորձագետների ասոցիացիայի, «Տիտու Մայորեսկու» համալսարանի, Բելառուսի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Բելառուսի մշակույթի, լեզվի և գրականության հետազոտությունների կենտրոնի և Հնդկաստանի Ազգային դատափորձագիտական ինստիտուտի հետ:
2024 թվականին Կազմակերպության աշխատակիցների 50 գիտական աշխատանքների արդյունքներ հրատարակվել են հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում, որից երեքը՝ Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ներառված պարբերականներում:
Անցնող տարում Կազմակերպության կողմից իրականացվել են 29 պրոֆիլային թեմաներով գիտամեթոդաբանական և գիտահետազոտական բնույթի աշխատանքներ:
Գիտագործնական աշխատանքների շրջանակներում Կազմակերպության աշխատակիցներն ընթացիկ տարում անցկացրել են վերլուծական բնույթի ավելի քան 90 սեմինարներ՝ ընդգրկելով ինչպես Կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղությունները, այնպես էլ ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և արդյունքների հնարավոր ներդրմանը և կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:
2024 թվականին Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվել է կիբեռհանցավորության քրեաբանական հետազոտություն, մասնավորապես՝ վիճակագրական, համեմատական, փաստաթղթերի ուսումնասիրության և այլ մեթոդների կիրառմամբ բացահայտվել են 2019-2024 թթ. կիբեռհանցավորության քանակական և որակական ցուցանիշները, հետևանքները, լատենտայնությունը, պատճառական համալիրը, անհատական հանցավոր վարքը պայմանավորող գործոնները, կիբեռհանցագործի բնութագիրը և կառուցվածքը, կիբեռհանցագործների դասակարգումը, կիբեռհանցագործության մեխանիզմում զոհաբանական գործոնի առանձնահատկությունները, կիբեռհանցավորության կանխարգելման իրավական հիմքերը:
Կենտրոնի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 11 գիտական հոդվածներ և 1 մենագրություն:
Կազմակերպությունը գիտագործնական բնույթի աշխատանքների շրջանակներում 2024 թվականին շարունակել է մասնակցությունը N 545 «Դատափորձաքննություն», N 527 «Քիմիա» և N 195 «Նյութեր և լաքաներկային ծածկույթներ» միջպետական տեխնիկական կոմիտեների աշխատանքներին՝ մասնակցելով միջպետական ստանդարտների նախագծերի մշակման գործընթացին: Անցնող տարում իրականացվել են նաև այլ ուղղություններով գիտափորձնական-վերլուծական բնույթի աշխատանքներ:
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2024 թվականի տարեկան ամբողջական հաշվետվությունը ներկայացվել է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնին՝ Խորհրդին և արժանացել վերջինիս հավանությանը: