Ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդ՝ 27 աստիճան երկու րոպեում:
ԱՄՆ Հարավային Դակոտա նահանգում կա մի փոքրիկ քաղաք, որը կոչվում է Սպիրֆիշ: Այն ունի տասը հազարից մի փոքր ավելի բնակիչ: Բայց օդի ջերմաստիճանի փոփոխության արագությամբ համաշխարհային ռեկորդակիր է: Այս մասին գրառում է կատարել Լևոն Ազիզյանը։
1943 թվականի հունվարի 22-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, քաղաքում օդի ջերմաստիճանը եղել է -20 աստիճան Ցելսիուս։ Այնուհետեւ Սպիրֆիշում ուժեղ քամի է առաջացել և 2 րոպե անց փողոցներում օդի ջերմաստիճանը բարձրացել է +7 աստիճանի։ Այդ ժամանակվանից ի վեր Սպիրֆիշը պահպանում է ջերմաստիճանի փոփոխության արագության համաշխարհային ռեկորդը՝ 27 աստիճան երկու րոպեում:
Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ջերմաստիճանը բարձրացել է մինչև զրոյից բարձր 12 աստիճան: Հենց որ քամին մարել է, այն նորից իջել է մինչև -20° և դա տևել է ընդամենը 27 րոպե: Ջերմաստիճանի կտրուկ փոփոխության պատճառով քաղաքի պատուհաններից շատերը ճաքել են։
Տաք, չոր քամին, որը ջերմաստիճանի նման կտրուկ փոփոխություն է առաջացրել Սպիրֆիշում, կոչվում է Չինուկ: Տեղի բնակչությունը նրան տվել է «ձյունակեր» մականունը։ Ուժեղ Չինուկի ազդեցության տակ 30 սմ ձյունը կարող է ամբողջությամբ անհետանալ ընդամենը մեկ օրում՝ այն պարզապես հալվում և գոլորշիանում է։
Չինուկի քամին ջերմաստիճանի ևս մեկ ռեկորդի պատճառ է հանդիսացել, երբ 1972 թվականի հունվարի 15-ին Մոնտանա նահանգի Լոմա քաղաքում ջերմաստիճանը մեկ օրում բարձրացել է -48-ից մինչև +9 աստիճան (57 աստիճան 24 ժամում):