ԱԺ պատգամավորը հարվածել է քաղաքացուն. հաղորդում

Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը վիճաբանության մեջ է մտել իր հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է իր դեմքին` ձախ աչքի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տված բացատրությունում Սուրեն Սուրենյանցը հաստատել է իր հաղորդման մեջ հայտնած հանգամանքները` նշելով, որ ԱԺ պատգամավորի կողմից իր նկատմամբ բռնի գործողություն կատարելու հետևանքով իրեն պատճառվել է մարմնական վնասվածք ու ֆիզիկական ցավ, ինչի կապակցությամբ բողոք է ներկայացրել Վահան Կարապետյանի դեմ: 

ՀՔԾ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել