Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում շմոլ գազից թունավորման դեպք է արձանագրվել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց գյուղի վարչական ղեկավար Գոռ Աշուղաթոյանը։
«Ոնց որ «դվիժոկ» է միացրած եղել, չեն զգացել՝ ոնց է տուն լցվել։ 7-ն էլ մեկ ընտանիքի անդամներ են, նրանցից 3-ը երեխաներ են։ Զանգել եմ քիչ առաջ, հետաքրքրվել եմ, ամեն ինչ նորմալ է այս պահին»,-նշեց նա։
ԲԿ-ից հայտնում են, որ ընտանիքի անդամների կյանքին վտանգ չի սպառնում։
«Այսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս:
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):
Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:
Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»,-նշվում է հաղորդագրության մեջ: