Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ խիստ հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգի պահպանման նկատմամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն` յուրաքանչյուր տնտեսվարող տարվա բոլոր եղանակներին պարտավոր է մշտապես մաքուր, բարեկարգ և խնամված պահել իր օբյեկտին հարակից տարածքները:
Քաղաքապետարանի կողմից տնտեսվարողներին տրամադրված հարակից տարածքի սահմանների վերաբերյալ սխեմաների համաձայն` ձմռան ամիսներին պարտադիր բարեկարգման կարգը սահմանում է, որ տնտեսվարողները պետք է իրականացնեն նաև տեղացած ձյան ամենօրյա մաքրում, տեղումների ընդհատման ընթացքում էլ մայթերի ասֆալտբետոնե ծածկերի և (կամ) սալիկապատված հատվածների ձյան ու սառույցի կուտակումներից ամբողջությամբ մաքրում:
Հիշեցնենք, որ պարտավորությունները չկատարող կամ դրանցում թերացող տնտեսվարողներն օրենսդրությամբ սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:
Թերությունները չվերացնելու դեպքում պատասխանատուներն իրավասու են կրկին արձանագրություն կազմելու: