Ո՞վ է իրականացնում վերահսկողությունը նոտարի գործունեության նկատմամբ

Նոտարի իրականացրած նոտարական կամ այլ գործողությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է արդարադատության նախարարությունը՝ նախարարի սահմանած կարգով: Վերահսկողության իրականացման նպատակով կարող են նոտարից պահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր կամ այլ նյութեր: Արդարադատության նախարարի գրավոր պահանջով կարող են վերցվել նոտարի մոտ պահվող նոտարական ակտերը: Նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասիննախօրոք հայտնվում է նոտարական պալատ, որի ներկայացուցիչն իրավունք ունի մասնակցել ստուգումներին:

Նոտարի մոտ ստուգումներն իրականացվում են արդարադատության նախարարի կամ նոտարական պալատի նախաձեռնությամբ:

Նոտարի՝ իրականացվող և իրականացրած այլ գործունեության նկատմամբ պետական մյուս մարմինները վերահսկողություն կարող են իրականացնել միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում և սահմաններում: Նոտարի գործողությունների նկատմամբ հսկողություն իրականացնող այլ մարմինները նոտարի մոտ ստուգումներ կատարելուց առաջ այդ մասին պետք է հայտնեն արդարադատության նախարարին և նոտարական պալատ: Նրանց պետք է ուղարկվեն նաև ստուգումների արդյունքների վերաբերյալ ակտերի (արձանագրությունների) պատճենները:
Դատախազության, ներքին գործերի, ազգային անվտանգության և իրավապահ այլ մարմինները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով և սահմաններում իրավունք ունեն միջամտել նոտարի գործողություններին միայն նոտարին կամ նոտարական գործողություններին առնչվող հարուցված քրեական գործերով՝ այդ գործերի սահմաններում: Նոտարի նկատմամբ իրականացվող քրեադատավարական գործողությունների մասին այն իրականացնող մարմինը մեկ օրվա ընթացքում հայտնում է արդարադատության նախարարին և նոտարական պալատ:

Դատարանը պարտավոր է իր վարույթում գտնվող կատարված կամ կատարվելիք՝ նոտարի կամ նոտարական գործողությունները վիճարկող գործերի մասին անմիջապես հայտնել արդարադատության նախարարություն, ինչպես նաև եռօրյա ժամկետում նրան ուղարկել այդ գործերով կայացրած վճիռների կամ դատավճիռների պատճենները:

Պետական մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև քաղաքացիների կողմից նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ նոտարական գործողություններ կատարելն արգելելը, ինչպես նաև նոտարին սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նոտարին անհարգալից վերաբերմունք ցուցաբերելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով դատարանների նկատմամբ համապատասխան գործողություններ կատարելու համար սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել