ՀՀ ազգային հերոս, ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի գործով հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը կբողոքարկվի վերաքննիչ դատարան։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։
«Պարոն Փիլոյանն անմեղ է, չի կատարել իրեն մեղսագրված արարքներից և որևէ մեկը, հետևաբար պաշտպանության կողմը հնարավոր և անհնարին բոլոր օրինական գործիքներ օգտագործելու է պարոն Փիլոյանի անմեղությունը փաստագրելու համար»,-նշեց պաշտպանը։
Բացի այդ, անդրադառնալով դատավճռին, պաշտպանն ընդգծում է, որ այս դատավաճռով ազգային հերոսի մասով դատարանը համարում է, որ անհնար է նրա ուղղումը առանց պատիժը փաստացի կրելու, բայց, օրինակ, ազգային հերոսի կոչում չունեցող որոշակի անձանց առնչությամբ դատարանը հանգել է այն հետևության, որ նրանց ուղղումը հնարավոր է առանց պատիժը կրելու։
«Եթե դատարանը պարոն Փիլոյանի նկատմամբ պատիժ նշանակելով և այդ պատիժը կրելու անհրաժեշտության վերաբերյալ նշումով նկատի է ունեցել այն, որ պետք է այդկերպ ցույց տրվի՝ ՀՀ-ն պայքարում է կոռուպցիայի դեմ, ես նշեմ, որ Քրեական օրենսգիրքը պատիժը պայմանականորեն չկիրառելու կապակցությամբ նման հիմք, հիմնավորում չի նախատեսում, այլ նախատեսում է, որ եթե դատարանը գալիս է այն հետևության, որ անձի ուղղումը հնարավոր է առանց պատժի կրման, ապա դատարանն իրավունք ունի պատիժը պայմանականորեն չկիրառել։
Անտրամաբանական եմ համարում դատարանի այն հետևությունը, որ, օրինակ, պատիժն այն անձանց նկատմամբ, որոնց մասով չի կիրառվել, նրանք կարող են ուղղվել՝ առանց պատիժը փաստացի կրելու։ Հիմա հարց է առաջանում․ ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցած, ազգային հերոսի կոչմանն արժանացած անձը արդյո՞ք չի կարող ուղղվել առանց պատիժը կրելու, եթե նա մեղավոր է, իհարկե։ Դատարանի այս հետևությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցուցադրականություն, որ տեսեք, մենք ուզում ենք՝ ազգային հերոսը փաստացի ազատազրկվի, որպեսզի բոլոր տեսնեն, որ ՀՀ-ն պայքարում է կոռուպցիայի դեմ»,-նշեց Մանուկյանը մեզ հետ զրույցում։
Հիշեցնենք, դատարանի վճռով Անդրանիկ Փիլոյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
- Նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 5 ամիս 23 օրը՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը,
- դատարանը վճռեց 3 տարի ժամկետով զրկել որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
- նշանակել տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամ,
- ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել։