«Ինքը կարճ ապրեց, բայց շատ բաներ հասցրեց»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում Սերյոժա Մխոյանի մասին պատմում է մայրը՝ Կարինե Մխոյանը։
Նպատակներ շատ ուներ Սերյոժան։ Ծրագրավորում էր սովորել։ Բանակ գնալուց առաջ տանեցիներին խնդրել էր՝ համակարգչին ձեռք չտալ, որ իր ծրագրերը հանկարծ չջնջվեն։
«Ամեն ինչ փորձեց, ամեն ինչի մեջ եղավ։ Ճիշտ է, գյուղում ենք ապրել, բայց Սերգեյս գնաց քաղաքում էլ սովորեց։ Շատ հայրենասեր է եղել։ Ծառայել է Ջրականում։ Ամեն ինչից գոհ է եղել։ Երբ սկսվեց պատերազմը, լացելով զանգեցի Սերգեյիս, ասաց՝ մամ, ինչի՞ ես լացում, ի՞նչ պատերազմ, ես չգիտեմ։ Բայց նոր եմ իմանում, որ հենց առաջին հարվածներից իրենց զորամասի վրա է եղել»,-ասում է մայրը։
Սերգեյը վարորդ է եղել։ Գնացել է Շուշի՝ հաց հասցնելու։ Հադրութում շրջափակման մեջ է ընկել։
«Մի շաբաթ Սերգեյից տեղեկություն չենք ունեցել։ Վերջին անգամ էլ, որ զանգեց, ոչինչ չէր լսվում, չհասկացանք իրար։ Երևի արդեն Շուշիի դաշտում էր, երևի ինչ-որ բան էր ուզում ինձ ասել, բայց չկարողացանք խոսել։ Դրանից մի քանի օր առաջ Սերգեյս ինձ ասում էր՝ մամ, շատ լավ բան կլինի, շատ լավ բան կլսեք։ Մի քանի օր հետո ամուսինս գնաց Շուշի ու որդուս զոհվելու լուրով եկավ»,-ասում է նա։
Սերգեյ Մխոյանը զոհվել է Շուշիում, երկու ոտքից վիրավոր է եղել, մայրն ասում է, որ արնաքամ է եղել։
«Իր ընկերներից մեկը կապել է երկու ոտքն էլ ու մի քիչ քաշ տալով բերել է, բայց չի կարողացել դուրս բերել։ Սերգեյն ասել է՝ ինձ թողեք, դուք գնացեք։ Սերգեյի մի ձեռքում նռնակ է եղել, որպեսզի թշնամին մոտենա, ինքն իրեն վնաս տա»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։