Ազգային ժողովի պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու դեպքերը, այն է՝ մեկ ամսից ավել իր ծառայողական պարտականությունների չկատարումը կամ եթե լրացել է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը:
«Չնայած նշվածին՝ օրենքը չի կարգավորում, այնպիսի հատուկ դեպք, երբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ավագանու լիազորությունը վաղաժամկետ դադարեցվում է, իսկ համայնքի ղեկավարի և տեղակալի (տեղակալների) պաշտոնները միաժամանակ թափուր են»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ:
Վլադիմիր Վարդանյանն առաջարկում է օրենքում հետևյալ լրացումը կատարել․ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դեպքում, եթե համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր է, և միաժամանակ թափուր է համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը կամ առկա են համայնքի ղեկավարի տեղակալի կողմից իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ, ապա ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
«Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կարգավորումների տրամաբանությունից բխում է, որ համայնքն ամեն դեպքում պետք է ունենա համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Օրինակ՝ ավագանու ընտրությունների կազմակերպման ընթացքում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով համապատասխան համայնքի ղեկավարին (պաշտոնակատարին) պատվիրակված են կոնկրետ լիազորություններ՝ ընտրական տեղամասերի կազմավորում եւ տեղամասային կենտրոնների սահմանում, քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղերի սահմանում ու հատկացում և այլն: Այսինքն, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումները ենթադրում են, որ ընտրությունների նախապատրաստման եւ կազմակերպման փուլում համայնքը չի կարող համայնքի ղեկավար (պաշտոնակատար) չունենալ: Ուստի, այս մասով Օրենքի գործող կարգավորումները թերի են թվում:
Հատկանշական է, որ ներկայումս արդեն առկա է նման իրավիճակ: Մասնավորապես Գյումրի համայնքի ղեկավարի եւ ավագանու 14 անդամների, համայնքի ղեկավարի տեղակալների միասնական հրաժարականից հետո համայնքում ստեղծվել է կառավարման ճգնաժամ, որի հանգուցալուծման արդյունքում հավանական է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում Գյումրիում պետք է ավագանու արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը: Իր հերթին, ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի տվյալ համայնքը ունենա համայնքի ղեկավար կամ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ: