Մեծ քանակությամբ արգելված իրեր են հայտնաբերվել «Սևան» ՔԿՀ բերված սառնարանից

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալին հանձնուքի միջոցով մեծ քանակությամբ արգելված իրեր փոխանցել։

Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Իրացնելով ստացված տեղեկությունները՝ նույն տարածքային բաժնի ծառայողները ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին նոյեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալ Մ․Հ․-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը։

Զննությամբ ծառայողները սառնարանի վերևի հատվածում հնարամտորեն պատրաստված թաքստոցից հայտնաբերել են կպչուն ժապավեններով և շինարարական փրփուրով փաթեթավորված 34 բջջային հեռախոս, 30 USB լար, 5 ականջակալ, 5 բաժանորդային քարտ և լիցքավորման սարքի 3 գլխիկ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարչական վարույթ։

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել