Հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2013թ. վերջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների ներկայացրած 2013-2017թթ. Մաստեր Պլանը` ի կատարումն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.» ընկերության միջև 2001թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված պայմանագրի պահանջների:

«Ենթադրվում է, որ կոնցեսիոները 102 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարի օդանավակայանում, որը լավագույնն է ճանաչվել ԱՊՀ-ում», – հարցի առնչությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Այդ ներդրումը հնարավորություն կտա մի կողմից բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից` զարգացնել զբոսաշրջությունը. սա մեզ համար գերակա խնդիր է»:

Վարչապետն անդրադարձել է նաև օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդման կոնցեսիոների առաջարկին: Մասնաշենքի պահպանումը խիստ ծախսատար է, պահանջում է 15-20 մլն դոլարի ներդրում: Բայց քանի որ մեր ճարտարապետներն այդ կառույցը համարում են սովետական շրջանի մոդեռնիստական ճարտարապետության արժեքավոր նմուշ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի միջոցով դիմել է կոնցեսիոներին` խնդրելով հարցը նորից քննարկել: Վարչապետը ողջամիտ է համարել այդ տարածքում այգի հիմնելու առաջարկը. այգում կարող են տեղադրվել ճարտարապետական հետաքրքիր լուծում ունեցող այլ կոթողներ ևս, որոնք գրավիչ կլինեն զբոսաշրջիկների համար:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել