Դատական դեպարտամենտի ֆեյսբուքյան էջում գրառում էր հրապարակվել, հետևյալ բովանդակությամբ․
«Նախկին դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին անդրադարձ է կատարվել Ազատություն ռադիոկայանի ռեպորտաժում, և հաշվի առնելով հանրության հետաքրքրությունն այս գործին, հարկ եմ համարում պարզաբանել, հետևյալը.
Դավիթ Հարությունյանը աշխատանքը կորցրել է ոչ թե ԲԴԽ-ին քննադատելու, այլ դատավորի համար սահմանված վարքագծի կանոնները խախտելու համար:
Ավելին՝ ԲԴԽ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ. «(…) որևէ մարմին քննադատությունից վեր չէ, առավել ևս՝ սահմանադրական մարմինները, որոնք ունեն առանցքային դեր ժողովրդավարական հասարակություններում իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման հարցում։ (…) կառուցողական քննադատությունը, որը համակարգում առկա խնդիրներին անդրադառնում է բազմակողմանիորեն և հստակորեն, նպաստում է իրավական համակարգի և հանրության միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդմանը։
Մինչդեռ այն պարագայում, երբ դատավորներն առանց հիմնավորման և կողմնակալ կերպով քննադատության են ենթարկում Խորհրդի գործողությունները և որոշումները, ապա որպես հետևանք վնասվում է ոչ միայն Խորհրդի հեղինակությունը, այլև կասկածի տակ է դրվում ամբողջ դատական համակարգի անկախությունը և վստահելիությունը: (…)»։
Դավիթ Հարությունյանի գործով քննությունը տևել է շուրջ 15 ժամ և ոչ 17 րոպե։
Նշված քննությանը Խորհուրդը, Դավիթ Հարությունյանի կողմից ներկայացված 14 փաստաբաններից կազմված փաստաբանական խմբից 4 ներկայացուցիչներին դռնփակ նիստում Դ. Հարությունյանի շահերը ներկայացնելու հնարավորություն տալով, ստեղծել է իրավունքների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները, այնինչ փաստաբանները, 26.07.2023 թվականին «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիայի կիրառման օրը մասնակցելով ՀՀ Փաստաբանական պալատի կողմից նախապես հայտարարված գործադուլին և փաստաբանների պալատում կայանալիք (Դեոնթոլոգիայի) վերապատրաստման դասընթացներին, չեն ներկայացել նախապես ծանուցված դատական նիստին:
Ինչ վերաբերում է «վերանայմանը», ապա հարկ է նշել, որ ինչպես ընդունված է աշխարհի բոլոր Բարձր դատարաններում, այդ թվում Եվրոպական դատարանում, ինչպես նաև Հայաստանի Բարձր ատյաններում (ՍԴ, Վճռաբեկ դատարան), հազարավոր դիմումներ քննվում են գրավոր ընթացակարգով, որտեղ գործերի բանավոր քննություններն արվում են բացառիկ դեպքերում։
ԲԴԽ-ն կատարել է Սահմանադրական դատարանի կողմից Դավիթ Հարությունյանի վերաբերյալ ներկայացրած դիրքորոշումը։
Բարձրագույն դատական խորհուրդը Դավիթ Հարությունյանին հնարավորություն է տվել գրավոր կերպով ներկայացնելու այն ամենը, ինչը հնարավոր չի եղել ներկայացնել ԲԴԽ-ի կողմից Հարությունյանի նկատմամբ սանկցիա կիրառելու՝ նիստերի դահլիճից հեռացնելու պայմաններում։
Սակայն, Դավիթ Հարությունյանը իր կողմից ներկայացրած պատասխանների մեջ չի հայտնել նոր փաստական հանգամանքներ, ըստ որի՝ Բարձրագույն դատական խորհուրդը կհանգեր այլ որոշման։
Որպեսզի չմեկնաբանեմ դատական ակտը, մեջբերում կատարեմ հենց ԲԴԽ որոշումից.
«Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բացակայում է Դիմումի քննությունը դատական նիստում իրականացնելու անհրաժեշտությունը՝ Խորհուրդը գտել է, որ Դիմումի քննությունը նպատակահարմար է իրականացնել գրավոր ընթացակարգով, միաժամանակ Դիմողի համար ապահովելով գրավոր դիրքորոշում ներկայացնելու միջոցով լսված լինելու իրավունքի իրացման լիարժեք հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի՝ 21.05.2024 թվականի թիվ ՍԴՈ-1729 որոշմամբ արտահայտած դիրքորոշումը»:
Հիշեցնեմ, որ Սահմանադրական դատարանը, քննելով Դավիթ Հարությունյանի դիմումը, գտել էր, որ դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիան Խորհրդի կողմից Դատավորի նկատմամբ կիրառվելուց հետո Դավիթ Հարությունյանը վարույթին մասնակցելու անհնարինության պայմաններում ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները առնվազն գրավոր կերպով:
Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Ալեքսանդրա Հոսեփյան»։