Կատարված հանցագործության ծանրությունից և բնույթից ելնելով` քրեական դատավարությունում հետապնդումն իրականացվում է հանրային և մասնավոր կարգով:
Մասնավոր հետապնդման գործեր են համարվում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը:
Մնացած բոլոր հանցագործությունների վերաբերյալ գործերը համարվում են հանրային հետապնդման գործեր:
Քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն հարուցված քրեական գործով:
Ինչպես տեսնում ենք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է քրեական հետապնդում իրականացնելու հիմքերը, սակայն չի սահմանում քրեական հետապնդում իրականացնելու պահը. մասնավորապես, պարզ չէ, թե որ պահից է սկսվում քրեական դատավարության քննարկվող փուլը:
Այս հարցի շուրջ իրավաբանական գրականության մեջ տարբեր կարծիքներ են արտահայտվել, որոնցից, թերևս, առավել հիմնավոր է այն տեսակետը, որ քրեական հետապնդումն սկսվում է այն պահից, երբ ի հայտ է գալիս հանցագործության մեջ կասկածվող անձը, այսինքն, քրեական հետապնդում կարող է իրականացվել միայն համապատասխան անձի նկատմամբ, քանի դեռ հանցագործության սուբյեկտն անհայտ է, հարուցված քրեական գործի շրջանակներում իրականավող գործողությունները համարվում են հանցագործության բացահայտմանն ուղղված գործողություններ: