«Սուտ ա, ականջներս չի տանում էդ ստախոսությունները լսելը»․ մեղադրողի ելույթի ընթացքում Վահագն Վերմիշյանը լքեց նիստերի դահլիճը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարեն Ամիրյանի նախագահությամբ և դատավորներ Արմեն Հովհաննիսյանի ու Մեսրոպ Մակյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին ներկայացել էր դատախազ Դավիթ Աղաջանյանը։ Նշենք, որ այս գործի շրջանակներում նա ներգրավված է եղել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական քննությանը։ Նիստի ընթացքում նա անդրադարձավ ներկայացված վերաքննիչ բողոքին, դրա վերաբերյալ պաշտպանության կողմից ներկայացված դիտարկումներին։

Դատախազը հայտնեց, որ բողոքի վերաբերյալ պաշտպանության կողմին տրվել են սպառիչ պատասխաններ, ու այդ հարցադրումներն այս քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձվել։

Հակառակ պատշպանության կողմից արձանագրված այն պնդումներին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ընթացել են խախտումներով, նա նշեց՝ դրանց վերաբերյալ տրվել են համապատասխան թույլտվություններ, ինչի արդյունքում ձեռք են բերվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ․ «Հարց է բարձրացվել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների դատարանի կողմից տրված որոշումների թվագրման, ժամանակագրության առումով՝ փորձելով դրանք խոցելի դարձնել։ Այն դիտարկումները, թե թվագրված չեն, ֆիքսված չէ ժամանակահատվածը, իրականությանը չեն համապաստախանում, գործում առկա են տվյալ փաստաթղթերը»։

Դատավոր Արմեն Հովհաննիսյանը ասաց՝ պաշտպանության կողմից նշվել էր, որ ՕՀՄ որոշումները տրամադրվել են, բայց հիմքերը՝ ոչ, հարցին, թե դրանք ևս տրամադրվել են, թե ոչ, Աղաջանյանն ասաց՝ ՕՀՄ վերաբերելի նյութերը, հատվածները գործում առկա են։

Նախագահող դատավոր Կարեն Ամիրյանն անդրադարձավ նաև Ռամադա հյուրանոցի դրվագի տեսագրության ու օպերատիվ տեղեկությունների ձեռքբերման իրավաչափության հարցին, ինչի առնչությամբ դատախազը նշեց, որ Առաջին ատյանի դատարանը ևս արձանագրել է, որ խոսքը ոչ թե օպերատիվ հարցման արդյունքում , այլ  տվյալ հյուրանոցի անվտանգության ապահովման միջոցների՝ տեխնիկական սարքերի միջոցով ստացված տեսագրության մասին է։

«Եթե կողմը ուզում է վիճարկել դրա վերցնելու անօրինական լինելը, կարծում եմ՝ հիմնազուրկ է դա, որովհետև ԱԱԾ-ն է վերցրել, այսինքն՝ ի՞նչ եք ուզում ասել, որ պատահական մեկը վերցրել ա կամ անօրինական ճանապարհո՞վ ա վերցրել։ Վերցվել է պատշաճ ընթացակարգով, արդեն այլ բան է, որ ապացույցի տեսք տրվել ա դատավարական հետագա գործողությունների արդյունքում, ու նույնականացնել, որ դա հենց կոնկրետ ՕՀՄ-ի արդյունք ա՝ որպես տեսագրություն, էդպիսի բան չկա»,-ասաց Աղաջանյանը։

Դատախազը 308-րդ հոդվածի վերաբերյալ հայտնեց, որ տվյալ գործը դատարան է մուտքագրվել 1 դրվագ 308-րդ հոդվածի առաջին մասով, ճառում և վերաքննիչ բողոքում ևս նույն մասով է ներկայացվել․ «Վահագն Վերմիշյանին թեկուզ նկարագրվում է մի քանի դրվագ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, բայց դիտարկվում է 1 դրվագ՝ հաշվի առնելով նույն ժամանակահատվածը, նույն սուբյեկտը, նույն գործողությունների կատարումը»։

Աղաջանյանը նաև անդրադարձավ Վահագն Վերմիշյանին մեղսագրվող արարքներից ենթադրյալ 5000 դոլար կաշառք ստանալու, եվրոպատուհաններ ձեռք բերելու դրվագներին։ Մեղադրյալ Վահագն Վերմիշյանը տեղից արձագանքեց դատախազի կողմից արված հայտարարություններին, և չնայած դատարանի նկատողությանը, ասաց․ «Ուղղակի ամեն ստի հետ կարելի ա միանգամից հակադարձել»։

Նախագահող դատավորը մեկ անգամ ևս ընդգծեց, որ դատավարության ընթացքում պետք է զերծ մնան մասնակիցների կատարած հայտարարություններին որակումներ տալուց, եզրափակիչ ելույթներում հնարավորություն կընձեռվի համապատասխան դիրքորոշումներ հայտնելու համար։

Շարունակելով իր խոսքը՝ դատախազն անդրադարձավ Գագիկ Գալստյանի ու Վազգեն Պողոսյանի կողմից Վահագն Վերմիշյանին կաշառք տալու դրվագին,  «Վաստակավոր շինարար» կոչման համար միջնորդություն ներկայացնելու, շինարարական տարբեր պատվերներ, նախագծեր ստանալու գործընթացին։

«Բացի ՕՀՄ միջոցառումներից, մենք ունենք ցուցմունքների մակարդակով ապացույցներ, հենց ինքը՝ մեղադրյալ Վահագն Վերմիշյանը, նախնական ցուցմունքում հայտնել ա էդ 5000 դոլարի առկայության մասին, որ դա առավելապես տրվել ա «Վաստակավոր շինարարի» կոչման համար»։

Վահագն Վերմիշյանը կրկին տեղից հակադարձեց՝ ասելով․ «Սուտ ա, ականջներս չի տանում էդ ստախոսությունները լսելը»։

Բացի այդ, նա ցանկություն հայտնեց դատախազին ինքնաբացարկ ներկայացնել, նախագահող դատավորն ասաց՝ նիստի սկզբում դատարանը քննարկել է դատավարության մասնակիցներից որևէ մեկին ինքնաբացարկ հայտնելու հարցը, ու մեղաղրյալի կողմից որևէ արձագանք չի եղել։

Վահագն Վերմիշյանը շարունակեց պնդել հետևյալը․ «Ի սկզբանե, անձնական շահագրգռվածությունը ունի, կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, մենակ ասենք ինչ-որ մտացածին բետոն, որը չի եղել ընդհանրապես։ Պաշտոնի բարձրացումն առկա է, նշանակել վարչական շրջանի դատախազ, ինչի՞ հաշվին, որովհետև սենց գործեր են դակում, ու դրա հաշվին պաշտոն են բարձրացնում, մեդալներ ստանում։

Ժամանակը կգա, ով որ պաշտոն ա ստացել իմ գործի վրա, համոզված եմ, որ կկորցնի»։

«Կարո՞ղ եմ իրա ելույթի ընթացքում ընդհանրապես լքել դահլիճը, մինչև ինքը վերջացնի, որովհետև չեմ կարողանում ընկալել ֆիզիկապես»,-ասաց Վերմիշյանն ու դատարանի թույլտվությամբ հեռացավ նիստերի դահլիճից։

Դատախազի խոսքով՝ Վազգեն Պողոսյանն իր ցուցմունքով հայտնել է՝ դիմել են Վահագն Վերմիշյանին, որպեսզի վերջինս ուղղորդի պետական կամ մասնավոր պատվերների կատարման համար։ ՕՀՄ արդյունքներով ու հեռախոսային խոսակցություններով մեղադրյալները նշել են, որ 5000 դոլարը Վազգեն Գալստյանի կողմից տրվել է Գագիկ Գալստյանին, Վերմիշյանն էլ ավելացրել է 3000 դոլար, որպեսզի Ջիմ Թորոսյանի անվամբ մեդալներ գնվեն ու նվիրաբերեն թանգարանին։

«Վահագն Վերմիշյանը Ջիմ Թորոսյանի անվամբ մեդալները նվիրում է համապատասխան թանգարանին, դրա ի հայտ գալուց հետո հակասական, իրարամերժ ցուցմունքներն եմ ուզում շեշտադրել․ Վահագն Վերմիշյանն արդեն հայտնում է՝ ոչ թե վերցրել էի, որ գնեի, այլ գնել էի, Գագիկ Գալստյանն ու Վազգեն Պողոսյանն իմացել են, չեն կարողացել ընդունելի դարձնել, իրենց կողմից 5000 դոլարը տվեցին որպես կատարած ծախս։ Արդեն ցուցմունքի բովանդակությունը փոփոխվում է»,-ասաց դատախազը։

Աղաջանյանը նշում է, որ ՕՀՄ արդյունքները փաստում են, որ այս գործով մեղադրյալների միջև տեղի ունեցած խոսակցությունները քողարկված են․ «Եթե մեկը կարա ասի, որ իմ ասածներից ինչ-որ մի դրվագ գործում չկա, ես էդ հատվածը մատնացույց անեմ, գործում կան իմ ասած բոլոր ձևակերպումները, դրսևորումները, ցուցմունքներն ու անունները»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։

Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչում և արդարացում է պահանջում։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել