Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում առաջին անգամ հանդիպել է Իրանի նախագահի՝ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվականները՝ հղում անելով Էրդողանի մամուլի ծառայությանը։
Ըստ նույն աղբյուրի՝ փակ հանդիպումը տեղի է ունեցել «Թուրքական տանը»։
Էրդողանը Փեզեշքիանին ասել է՝ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք կպահպանեն խաղաղությունը, տարածաշրջանային անվտանգությունն իսրայելական ագրեսիայի համատեքստում։
«Միջազգային հանրությունը պետք է ավելի շատ բարձրացնի իր ձայնը միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու իրավունքների պահպանման համար, որպեսզի հնարավորինս շուտ վերջ տա Իսրայելի կողմից իրականացվող բռնություններին՝ պաղեստինյան և լիբանանյան տարածքներում», – ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան մեծացնում է իր ջանքերը՝ հումանիտար օգնություն տրամադրելու պաղեստինյան տարածքներում գտնվող խաղաղ բնակիչներին։
Երկու երկրների կապերի ամրապնդման վերաբերյալ Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն բոլոր ոլորտներում։