ՄԻՊ-ի արտահերթ զեկույցն ամփոփում է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն հայտնի իրողությունները. Տիգրան Եգորյան

Մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցը պատրաստած աշխատանքային խումբը պետք չէ շփոթել հետաքննության կամ նախաքննության մարմնի հետ: Հարցն այն չէ, թե զեկույցը որքանով է փաստարկված և քանի քրեական գործի հարուցման համար հիմք կարող է հանդիսանալ: Ըստ էության զեկույցն ամփոփում է այն ամենն, ինչ հայտնի է Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը:

«Եվ խնդիրն այն է, որ իրարանցում է առաջացել ոչ թե այդ իմացության, այլ այն բարձրաձայնելու արդյունքում: Սա նշանակում է, որ մտահոգություններն առաջանում են ոչ թե խնդիրների կապակցությամբ, այլ այդ խնդիրների մասին բարձրաձայնելիս կամ դրանք տեսանելի դարձնելիս: Ինքնին այս երևույթը չափազանց լուրջ չարիք է և հենց սա է կոռումպացվածության առաջին ախտանիշը»:

Նրա խոսքով` հետաքրքիր է դիտարկել նաև տարբեր անձանց հավատ հաստատելու տենդագին ձգտումները, ինչպես նաև նույն դատական համակարգի տարբեր ներկայացուցիչների եռանդուն փորձերը հնարավորինս բարձր հայտարարել, որ զեկույցը մերկապարանոց է, հիմնազուրկ է, չկան ապացույցներ, չկան փաստեր, վերլուծությունները սիրողական են և ակամայից հիշում ես այս պահին բավական ակտուալ ռուսական մի ասացվածք՝ «на воре шапка горит»:

«Կարծում եմ ցանկացած ադեկվատ և իրեն այդ կոռուպցիոն համակարգին անմասն համարող պաշտոնյա երբեք կարիք չէր ունենա այդպիսի ջանասիրությամբ ապացուցել իր անմեղությունը: Վերոգրյալը հիմնավորում է այն պարզ ճշմարտությունը, որ հարձակումը պաշտպանության լավագույն միջոց է ընտրված»,- նշեց փաստաբանը:

Պաշտպանի զեկույցում դատավորները բաժանվում են երեք պայմանական խմբերի: Տիգրան Էգորյանի կարծիքով` կարելի է պնդել, որ բոլոր այն դատավորները, ովքեր հոկտեմբերիկների միասնականությամբ ետ են ուղարկել Պաշտպանի զեկույցը, ամենայն հավանականությամբ, պատկանում են հենց «ամենասիրված» դատավորների կատեգորիային, և գլխավոր դատախազությունը հենց նրանցից էլ կարող է սկսել օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացումը.

«Սակայն էականը նույնիսկ դա չէ, այլ այն, որ մի ամբողջ համակարգ, տարբեր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ և այդ համակարգի հետ առնչվող տարբեր մասնագետներ, անհատներ ապացուցում են, որ ունակ չեն կառուցողաբար, ռացիոնալ և հանդուրժողաբար ընդունել քննադատությունը, եթե նույնիսկ այն ցնցող է, զայրացնող և վրդովեցնող: Բնականաբար, այդ մարդիկ ունակ չեն ինքնակատարելագործման, ինքնամաքրման և բարելավման, բարեփոխման այլ հակված են ոհմակային բնազդների մակարդակով միմյանց պաշտպանել ամեն գնով»:

Անդրադառնալով ՄԻՊ-ի զեկույցում նշված դատական կաշառքի սակագներին` փաստաբանը նշեց, որ ցանկացած կոռուպցիա ծնվում է այնտեղ, որտեղ կա հայեցողություն և հնարավորություն այն ճկունորեն կիրառելու.

«Հենց այդպիսի հայեցողության իրավակիրառ պրակտիկայում ոչնչով չհիմնավորված հակասական կիրառության բազմաթիվ դեպքերի մասին է խոսվում Պաշտպանի զեկույցում՝ կոնկրետ փաստերով, կոնկրետ գործերի շրջանակում, բնականաբար օրենքի դրույթների կիրառության այդպիսի անհետևողականությունը, անորոշությունը և անկայունությունը ունակ է ստեղծելու նույնիսկ ավելի մեծ ծավալների հասնող համակարգային կոռուպցիայի, սակայն այս մասին «պրոֆեսիոնալները», կարծես, լռում են …»:

Իրավաբան.net-ի լրագրողի այն հարցին, թե Օմբուդսմենն Արդարադատության խորհրդի կողմից դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը ներկայումս «ամենարդյունավետ» լծակն է համարում դատավորներին կախյալ և ճնշված վիճակում պահելու համար: Որքա՞ն արդյունավետ է աշխատում Արդարադատության խորհուրդը, Տիգրան Եգորյանը մեկ փաստ նշեց.

«ՀՀ Սահմանադրության 94.1 հոդվածի համապատասխան` արդարադատության խորհրդի անդամները պաշտոնավարում են հինգ տարի ժամկետով, իսկ նրանց  լիազորությունների ավարտից հետո կոնկրետ  երկու իրավաբան-գիտնական անդամների մասով ՀՀ ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում ընտրում է նորերին: Այս տարվա սեպտեմբերին ԱԺ-ին էին ներկայացվել արդարադատության խորհրդի երկու իրավաբան-գիտնական անդամների երկու թեկնածու և պարզվեց, որ այդ երկու անդամների պաշտոնը թափուր էր արդեն մի քանի տարի, ինչը Սահմանադրության խախտում է: Բայց սա այս խախտումը չի, որ ցանկանում եմ ընդգծել, այլ այն որ փաստորեն այս մարմինը տարիներ շարունակ գործում էր առանց այդ երկու անդամների և ոչ մեկին չէր էլ հուզում այդ հարցը: Վերոգրյալից ակնհայտ է, որ պետական մի կարևորագույն մարմին «աշխատել է» անթույլատրելի անպատասխանատվությամբ, ինչը ուղղակիորեն խորհրդի նախագահի՝ վճռաբեկ դատարանի նախագահի պատասխանատվությունն է, միաժամանակ կարելի է ենթադրել, որ ըստ էության ոչ այդ երկու անդամի ոչ էլ երևի շատ այլ անդամների մասնակցության անհրաժեշտությունը չի զգացվել, որովհետև որոշումներն իրականում ընդունվել են իրավական նորմերի փոխարեն այլ նորմերով»:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել