Միհրան Պողոսյանի գործով փաստաբանները հրաժարվել են ներկայացուցչություն իրականացնելուց

Հակակոռուպցիոն դատարանում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատասխանող կողմից դատական նիստին ներկայացել էր միայն Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը։ Նա առարկեց նիստի տեսանկարահանման ու լուսանկարահանման դեմ։

Նշենք, որ պատասխանող Միհրան Պողոսյանի և մյուս պատասխանողների ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան դիմում՝ այս գործով այլևս վերջիններիս ներկայացուցչությունը չիրականացնելու վերաբերյալ։

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ պատրաստվում են ստանձնել այն բոլոր անձանց ներկայացուցչությունը, որոնցից փաստաբանները դիմումներով հրաժարվել են, նա նշեց, որ դեռևս չեն ստացել ստորագրված լիազորագիրը․ «Հաշվի առնելով, որ ծանուցման խնդիր կա, ես դեմ չեմ, որպեսզի դատական նիստն էս հիմքով հետաձգվի, միաժամանակ հայտնում եմ, որ ես ինչպես նախորդ անգամ խոստացել էի, հայցային վաղեմության մասով հոդվածների սահմանադրականության հարցի քննարկման համար միջնորդություն եմ ներկայացնելու դատարան»։

Նախքան միջնորդության ներկայացումը՝ Հովհաննիսյանն ասաց, որ մյուս գործողությունների մասով անհրաժեշտ է Արամ Օրբելյանի ներկայությունը, վերջինիս բացակայությունը, ինչպես հայտնի է, պայմանավորված է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով նիստին մասնակցելու հետ․ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հայցադիմումով պահանջվել է որպես Միհրան Պողոսյանին պատկանող գույք Գագիկ Բադալյանից բռնագանձել Կոտայքի մարզում գտնվող քոթեջների տարածքը և Երևանի Զաքյան փողոցում գտնվող մեկ այլ տարածք։

«Միջնորդում ենք դատական վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածը Սահմանադրության 60-րդ և 73-րդ հոդվածների համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պատասխանողի ներկայացուցիչների կողմից վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու միջնորդությունները դատավորների կողմից բազմիցս մերժվել են։

Նշելով միջնորդության փաստական հիմքերը՝ փաստաբանն ասաց, որ 2014 թվականի դեկտեմբերի 26-ին Գագիկ Բադալյանը ձեռք է բերել Զաքյան փողոցի հողատարածքը, 2014 թվականի հուլիսի 2-ին՝ Կոտայքի մարզի քոթեջի տարածքը, իսկ այս գործով հայցադիմումը դատարան է ներկայացվել 2022 թ․ սեպտեմբերի 29-ին։

Նա ասաց, որ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանը Սահմանադրության համապատասխանության հարցի վերաբերյալ իրավասու է դիմել ՍԴ, եթե գտնում է, որ թույլատրելի նորմը հակասություններ է առաջացնում։

Կիրառվելիք նորմը, ըստ Արթուր Հովհաննիսյանի, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 8-րդ հոդվածն է, որի համաձայն ուսումնասիրությունը կարող է տևել առավելագույնը 3 տարի, և հոդվածի ժամկետների խախտմամբ ներկայացված հայցը համարվում է ներկայացված՝ հայցային վաղեմության ժամկետի բացթողումներով․ «Սահմանադրության 73-րդ հոդվածը առանց վերապահումների արգելում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի հետդարձ ուժը, և դրա արգելքը տարածում է անձի իրավական վիճակը վատթարացնող բոլոր իրավական ակտերի վրա»։

Նրա խոսքով՝ 2014 թվականի նշված տարածքների ձեռք բերումից հետո հոսել է պետության կողմից անձի նկատմամբ պահանջ ներկայացնելու հայցային վաղեմության ժամկետը, մինչդեռ օրենսդիրը 8-րդ հոդվածով անձի իրավիճակը վատթարացնող ձևով հետադարձ ուժ է տվել հայցային վաղեմության վերաբերյալ կանոններին՝ խախտելով պատասխանողի սեփականության իրավունքը։

Նախագահող դատավորը հարցրեց, թե ինչո՞ւ են գտնում, որ այս դեպքում կիրառելի է հենց Քաղաքացիական օրենսգիրքը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պետությունն այսօր գույքը պահանջում է քաղաքացիական օրենսդրության շրջանակներում, և ներկայացվող պահանջի հիմքում ևս դրվում է Քաղաքացիական օրնեսգիրքը․ «Իրավական հիմքը, որ դու մարդուց կարող ես գույք ուզել, սեփականության իրավունքը դադարեցնել, սա կարգավորված է քաղաքացիական օրենսգրքով»։ Դատավորի նաև հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են վիճարկում հենց 8-րդ հոդվածը և ոչ թե, օրինակ, 2-րդը, Հովհաննիսյանն ասաց՝ իրենց կարծիքով 8-րդ հոդվածի 2-րդ մասը ինքնուրույն չի կարող բացառել Քաղաքացիական օրենսգրքի հայցային վաղեմության ժամկետը։

Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ  պատասխանող կողմը համոզված է, որ Սահմանադրության 73-րդ հոդվածը վատթարացնում է անձի վիճակը, բայց որևէ հակասահմանդրական նորմի մասին խոսքի չի կարող լինել, քանի որ 8-րդ հոդվածով նաև նախատեսված է՝ այդ ժամկետի մեջ կարող է ուսումնասիրությունն ավարտվել պատասխանող կողմի համար բարենպաստ լույսի ներքո։

«Ես գտնում եմ, որ հիմնավոր կասկածի մասին խոսք լինել չի կարող, դեռ ավելին, ինչպես բոլորիս հայտնի է, ԱԺ պատգամավորների 1/5-րդը դիմել է ՍԴ և վիճարկում է ամբողջ օրենքը, այդ թվում նաև օրենքի 8-րդ հոդվածը։ Ես կարծում եմ՝ ՍԴ դիմելու դեպքում դատարանը պարտավոր է կասեցնել սույն գործով վարույթը, ինչի անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով, որ օրենքն արդեն իսկ վիճարկվում է ՍԴ-ում, և սա չի կարող վատթարացնող նորմ հանդիսանալ»,-ասաց Ենոքյանը։

Դատախազի պնդմամբ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կանոնը կապված է ուսումնասիրության ժամկետի հետ, որը առավելագույն ժամկետը սահմանում է 3 տարին, և այստեղ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության 3 տարին չպետք է նույնականացնել 8-րդ հոդվածով սահմանված 3 տարի ժամկետի հետ։ Նա ասաց՝ հայցը ներկայացվել է նախատեսված 3 տարվա ժամկետում, և վաղեմության ժամկետի բացթողում չկա։

Լսելով միջնորդության վերաբերյալ կողմերի դիրքորոշումները՝ դատարանն արձանագրեց, որ գործի լուծումը կախված չէ ՍԴ դիմելու անհրաժեշտությունից, միաժամանակ նշվեց, որ միջնորդող կողմը պետք է հիմնավորի օրենքի այն աստիճան անհամատեղելի լինելը Սահմանադրության հետ, որ դատարանի մոտ ստեղծվի մտավախություն՝ գործը շարունակելու վերաբերյալ։ Այս հիմքերով դատարանը ներկայացված միջնորդությունը մերժեց։

Հաջորդ դատական նիստը՝ հոկտեմբերի 7-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել