ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին կարգադրություն է ստորագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ կարգադրության մեջ նշվում է՝
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ եւ 8-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.
1. Հաստատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի անհատական կազմը՝
- Արուսյակ Ջուլհակյան – Ազգային ժողովի պատգամավոր
- Արթուր Հովսեփյան – Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Սոնա Խալաֆյան – ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի եւ դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար
- Նինա Փիրումյան – Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
- Հարութ Ակլունց – Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ
2. Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհուրդ ձեւավորելու, խորհրդի անհատական կազմը հաստատելու եւ Ազգային ժողովի նախագահի 2023 թվականի սեպտեմբերի 8-ի Կ-239-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-351-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչել»։