«Միսակ Հովսեփյանի հետ գնացել ենք պարոն Ծառուկյանի մոտ, խնդրել, որ թույլ տա շարունակենք մեր բիզնեսը»․ վկան՝ Աղվան Հավսեփյանի գործով նիստին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում սեպտեմբերի 3-ին շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։

Ըստ մեղադրանքի՝ Աղվան Հովսեփյանը 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ պաշտոններ զբաղեցնող անձանց համար, սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին հակառակ, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Երևան քաղաքի բնակիչ Արշավիր Սարգսյանի հետ 2007-2015 թթ. ընթացքում մեկ միասնական դիտավորությամբ, հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև անձամբ և վստահված անձանց՝ որդիների միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ, իսկ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս դատական նիստին հարցաքննվեց վկա Արշավիր Սարգսյանը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կապված Սարգսյանը հայտնեց, որ  իր հերթական գաղափարներից մեկն է եղել, ասել է Աղվան Հովսեփյանին, որ կարելի է այնտեղից անվադողեր բերել, վերջինս խոսել է տնօրենի հետ, հանդիպումներ են եղել, համաձայնություն է ձեռք բերվել․ «Ասել ա՝ գնա, եթե էս գործը կարող ես անել, մենք ունենք ընդեղ մեր ներկայացուցչությունը, եթե ավելի լավ գնով կբերես, և ընդհանրապես, եթե քեզ կտան, խնդրեմ, բեր»։

Վկան հայտնեց, որ այդ անվադողերը բերել է Բելառուսից, երկար ժամանակ զբաղվել է այդ գործունեությամբ։

Հետագայում ընկերությունը փոխվել է Աղվան Հովսեփյանի որդու անվամբ, խնդիրը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այդ ընթացքում ևս Բելառուսի հետ բացեց ընկերություն, բելառուսական կազմակերպության բաժնեմասը կազմում էր 51%, իսկ Ծառուկյանինը՝ 45 %, բելառուսական բոլոր ապրանքները բերում էին, Չարբախի խանութում վաճառում էին․ «Հարց առաջացավ, որ «վերշինան» էլ իրանք պետքա բերեն, ես հասկացա, որ կորցնում ենք էդ բիզնեսը, պարոն Հովսեփյանին ասեցի սենց պռոբլեմ կա, ասեց ես կխոսեմ, երևի խոսեց, հետո ասեց, որ պետք ա փոխենք Միսակի անունով կազմակերպությունը, որ ասի իր տղայի կազմակերպությունն ա։ Ես հասկացա, որ ինչ-որ բան էն չի, մինչև էդ իմն ու քոնը երբևիցե չի եղել»։

Նա նշեց, որ Միսակ Հովսեփյանի հետ մի անգամ գնացել են Գագիկ Ծառուկյանի մոտ, խնդրել, որ թույլ տա շարունակել բիզնեսգործունեությունը, շատ վատ է ընդունել, ասել է սա բիզնես է, հիմա էլ իրենք են աշխատում։

Նրա խոսքով՝ դրանից հետո միասին 1 տարի են աշխատել, հետո որոշվել է նոր կազմակերպություն բացել, հիմնադիրներին փոխել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել