Օգոստոսի 22-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած վերքով 56-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:
Մինչ հիվանդանոցային ահազանգը, մարզի պարեկներն էին հայտնել, որ ծառայություն կատարելիս Սևանի թերակղզու լողափնյա տարածքներից մեկում նկատել են մի խումբ քաղաքացիների, որոնք վիճաբանում են: Մոտեցած պարեկներին երիտասարդներից մեկը հայտնել է, որ վիճաբանության մասնակից սևանցի երիտասարդը դանակով հարվածել է իրեն: Սևան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդին պարեկները ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
«Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 18-ի սահմաններում թերակղզու լողափնյա տարածքում մի խումբ տղամարդկանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում էլ սևանցի 22-ամյա և 23-ամյա երկու երիտասարդները դանակահարել են վիճաբանության երկու մասնակցի:
Ձերբակալված 22-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ` Սևան քաղաքի բնակիչ 23-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են»: