Հուլիսի 10-ին, ժամը 18:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի «Կարմիր կամրջի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևանյան փողոցի թիվ 61 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ» (վարորդ՝ Թ․ Ս․, ծնված 1987 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն․ Ս․-ն (ծնված 1997թ․), Յ․ Ս․-ն (ծնված 1970 թ.) և Ա, Ս․-ն (ծնված 1979 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ն․ Ս․-ի և Յ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա, Ս․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը, հատուկ տեխնիկայի միջոցով «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։