Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակումը

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։
Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։

Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։ Նորին Սրբությունը հավելեց, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել