«Իսկ ընդդիմությունն իր հայտարարած օրակարգի 1%-ը կատարե՞լ է». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ ԱԺ հերթական ընտրությունները 2026թ. է. «Ասում են՝ իշխանությունը, որ ժողովրդից ստացել եք 2021թ․, տվեք Բագրատ Գալստանյանին։ Մենք մեր վարչապետն ունենք, ժողովրդի սատարումն ունեցող վարչապետ կա։ Ով 10-20 հազար մարդ հավաքի փողոցում, պիտի գա, նոր վարչապետի թեկնածու՞ առաջարկի։ 300.000 ձայն են հավաքել երկու խմբակցությամբ»։

Ըստ Սիմոնյանի՝ երկրում նման պահանջ չկա․ երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխել, գնում են ընտրությունների։

Ընդդիմադիրներն առաջարկել են արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել ԱԺ ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին։ Անդրադառնալով այդ ուղերձին՝ նա ասել է. «Բա ի՞նչ պետք է անենք։ Իսկ ինչո՞ւ չպետք է մերժենք։ Տարին մեկ իրենք պետք է մարդ փոխեն, գան, նույն բա՞նն ասեն»։

Սիմոնյանը նշել է, որ փողոցում աթոռակռիվ է, հին ունեցվածքը վերականգնելու փորձ. «Ընտրություն կլինի, եթե մարդիկ որոշեն՝ ՔՊ-ն չի կատարել խոստումները, կքվեարկեն էն ուժին, որ իրենց բան կառաջարկի։ Իսկ ընդդիմությունն իր հայտարարած օրակարգի 1 տոկոսը կատարե՞լ է։ Զրո»։

Ալեն Սիմոնյանն անիմաստ գործողություն է որակել ընդդիմության նախաձեռնությունը. «Իրավական առումով շատ անգրագետ են մեր հարգելի գործընկերները»։

Ըստ նրա՝ շարժումը ոչնչով չի տարբերվում նախորդ շարժումներից, բացի «գլխավոր դերակատարից». «Այդ շարժումը չունի գաղափարախոսություն, չունի ծրագիր, չունի առաջարկ»։

Ալեն Սիմոնյանը նաև վստահություն է հայտնել, որ ընդդիմությունը մանդատները վայր չի դնի. «Իրենք նույնիսկ արտահերթ ընտրության պահանջ չունեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել