Կոտայքի մարզի դատախազությունը Կոտայքի մարզի բնակիչ Լիաննա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի գողության հատկանիշով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ դատախազության` Լիաննա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Քարամ ալոյի Ջալիլյանի մոտ որպես կթվորուհի և բնակվելով վերջինիս ընտանիքի հետ միասին նույն վագոն տնակում, 2013թ. մայիսի 6-ի լույս գիշերը, Կոտայքի մարզի «Աղմաղան» կոչվող սարատեղում վագոն տնակից գաղտնի հափշտակել է ընդհանուր 154.000 ՀՀ դրամ արժողության մեկ հատ սպորտային համազգեստ, մեկ զույգ կանացի կոշիկ, դիմահարդարման պարագաներ, մեկ զույգ ոսկյա ականջօղ, մեկ հատ ոսկյա թևնոց, կանացի զարդեր հեռացել այնտեղից:
Լիաննա Մարտիրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի`100.000-400.000 դրամ չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: