«Համայնքը դեռ աղտոտված է, կան վերադարձած ընտանիքներ, քանի որ մնալու տեղ չունեն»․ Քարկոփի համայնքապետը նոր տեղեկություններ է հայտնել

Մայիսի 26-ին տեղի ունեցած աղետի հետևանքով, ինչպես արդեն հայտնի է, Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, ինչի հետևանքով ավերածություններ են գրանցվել Լոռու և Տավուշի մարզերում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալավերդի համայնքում գտնվող Քարկոփ գյուղում դրությունը ծանր է։ Բնակիչները զրկված են տարրական կենցաղային պայմաններից։

Iravaban.net-ը կրկին կապվել է Քարկոփ գյուղի համայնքապետ Հերմինե Պետրոսյանի հետ՝ պարզելու տեղի իրավիճակի, վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։

Համայնքապետը հայտնեց, որ հետիոտնային կամուրջն արդեն պատրաստ է, 2 օր է՝ օգտվում են այդ կամրջից։ Լույս և գազամատակարարում ունեն։ Ջրի խնդիր կա, քանի որ ջրահեռացման համակարգն էլ պետք է նորոգվի. «Խմելու ջուրը ձեռքով մոտիկ տնից ենք բերում»։

Մարդկանց համար դեռևս պայմաններ չկան, չեն կարող երեխաներին բերել, համայնքը դեռ աղտոտված է, կան վերադարձած ընտանիքներ, քանի որ մնալու տեղ չունեն։

Մեքենաների համար նախատեսված ճանապարհների վերականգնման մասին ասաց՝ տեղեկություն դեռևս չկա․ «Կարծեմ Ախթալայի կամուրջն են այս պահին կառուցում բնակիչների համար, եթե Ախթալայի կամուրջը լինի, ճիշտ է, մի քիչ երկար է մեզ համար, բայց կարող ենք օգտվել։ Գույքային վնասները չեն գնահատվել։ Դասապրոցեսներ չունենք, Ճոճկանի դպրոցում են երեխաները քննություն հանձնում, մանկապարտեզը փակ է, անգամ չունենք վարչական շենք, չունենք գույք, եթե պետք է լինում, կողքի Ճոճկանից կամ Ալավերդուց են մեր փաստաթղթերն ուղարկում»։

Նրա խոսքով՝ կան բնակիչներ, որոնք տներ են վարձակալել, և գումարը փոխհատուցում է մարզպետարանը, նաև պայմանագրեր են կնքվում, սակայն կան բնակիչներ, որոնք մինչև այս պահը տներ են փնտրում, իսկ մյուս մասն էլ ապրում է բարեկամների տանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել