Շուրջ 270 բնակչություն ունեցող գյուղն ամբողջովին տարհանվել էր, կամուրջը փլված է չեն կարողանում մեր գյուղ գալ․ համայնքապետ

Մայիսի 26-ին Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, ինչի հետևանքով ավերածություններ են գրանցվել Լոռու և Տավուշի մարզերում։

Ալավերդի համայնքում գտնվող Քարկոփ գյուղում ծանր դրություն է։ Բնակիչները զրկված են տարրական կենցաղային պայմաններից։

Շուրջ 270 բնակչություն ունեցող գյուղը երեկ ամբողջովին տարհանվել էր։ Այսօր մարդիկ վերադարձել են իրենց տները` կարգի բերելու նպատակով։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Հերմինե Պողոսյանը։

«Առաջին հարկի տներում այս պահին հնարավոր չէ բնակվել։ Երկրորդ և երրորդ հարկերը չեն վնասվել, բայց ջուր, լույս չկա։ Կոյուղին չի գործում։ Փողոցներն ու տները ամբողջովին վնասված են։ Առաջին հարկերը ողողված են տիղմով։ Չենք բնակվում այնտեղ. Ճոճկան, Ախթալա և Մեծ Այրում գյուղերում ենք տեղավորվել այս պահին»,-նշեց նա։

Համայնքապետն ասաց, որ հնարավոր չէ մնալ, ինքն էլ այս պահին գյուղում չէ։

«Կամուրջը փլուզված է, այս պահին Կառավարության ներկայացուցիչները չեն կարողանում այցելել վնասները գնահատելու համար, բայց գնահատում մասամբ եղել է»,-նշեց նա։

Տեսանյթերը՝ Telegram-ում։

Լուսանկարներում՝ Քարկոփը՝ 26․05․2024-ին։ Լուսանկարները վերցված են Գոռ Խաչատրյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել