Այսօր՝ հունիսի 3-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ամփոփելով հերթական օրը՝ նշեց հետևյալը․
«Այսօր մենք միասին այցելեցինք Քննչական կոմիտե, նախ, որ հստակ կերպով պահանջ ներկայացնենք, թե ինչու են ձերբակալված մեր տղաները՝ կապված ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Մեր պահանջն արդեն իսկ հարցադրման չհասավ, և տեղեկացանք՝ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, 29 հոգին էլ ազատ են արձակվել։ Սա մեր պահանջների առաջին կետն է, որն իրականացվել է։
Երկրորդն այն էր, որ ՔԿ-ն վարույթ սկսի այն բոլոր անօրինական գործողությունների դեմ, որոնք իրականացրել են ոստիկանությունը կամ նրանց շարքերում ծվարած մարդիկ։
ԱԱԾ-ն և Դատախազությունը հայտարարել են, որ ես գործակալ չեմ և նաև միլիոններ չեմ ստացել։ Ամիսներով մեզ ինչ ասես ասել են, էլ գործակալ, էլ միլիոններով փող ստացած, նույնիսկ թվեր են ասել, խորհրդարանում տեղավորված մարդիկ են ասել։ Ես ասել եմ՝ մեր երկրում պետք է յուրաքանչյուր խոսք պատասխան ստանա, պատասխանատվություն պիտի կրի ստացողը, ես արդեն իսկ փաստաբաններին, մամուլի ներկայացուցիչներին խնդրել եմ էդ բոլոր գրությունները հանեն, որպեսզի յուրաքանչյուր մարդ, ով բերանը բացել, նման բան է ասել, ուղղակի դատարանում պատասխան տա»։