Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ, և նախագահողը հրապարակում է դատավճիռը:
Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները դատավճիռը լսում են հոտնկայս: Եթե դատավճիռը շարադրված է այն լեզվով, որին ամբաստանյալը չի տիրապետում, ապա դատավճիռը հրապարակվելուց անմիջապես հետո թարգմանիչն այն պետք է թարգմանաբար կարդա այն լեզվով, որին ամբաստանյալը տիրապետում է:
Նախագահողն ամբաստանյալին, մյուս մասնակիցներին պարզաբանում է դատավճռի բողոքարկման կարգը և ժամկետը: Արդարացվածին պետք է բացատրվի ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավելով, խափանման միջոցներ կիրառելով, ապօրինի դատի տալով պատճառված վնասի հատուցման նրա իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի իրականացման կարգը:
Ամբաստանյալին ցմահ ազատազրկման դատապարտելիս նրան բացատրվում է ներման մասին միջնորդության իրավունքը: