«Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարանիշների մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ մուտք են գործել «հանձնվելիք տարածքներ»»․ Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը Կիրանցից լրագրողների հետ զրույցում հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ իրավական իմաստով թշնամական երկրի պարտադրանքով ՀՀ-ն ներկայիս ղեկավարը գրեթե միանձնյա որոշում է կայացրել անհասկանալի կերպով միակողմանի զիջումներ կատարել մեր պետության սահմաններից։

Նրա խոսքով՝ երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարանիշների մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ, երևի հետագայում տարածաշրջանի մարզպետի և այլ պաշտոնյանների ուղեկցությամբ գաղտագողի եկել և մուտք են գործել «հանձնվելիք տարածքներ» և ինչ-որ անհայտ գործողություններ են արել․ «Ժողովրդի զայրույթը և անվստահությունը այն է, թե ովքեր են այն մարդիկ, որ գտնվում են այդպիսի ծածկույթով մեքենայի մեջ՝ բոլոր հնարավոր տվյալները ծածկված, և նաև պահանջն էր, որ իջնեն այդ մարդիկ, որպեսզի նրանց հարցրեր ուղղելու հնարավորություն ունենան։ Եթե ձեր գործերը արդար են, մաքուր են, թափանցիկ են, ինչու եք այդպիսի ծածկույթի տակ գալիս։ Եվ երբ ժողովուրդը ընդվզեց այդ ստի և կեղծիքի դեմ։ Հնչեցնում էին, որ միգուցե ադրբեջանցիներ են։ Նույնիսկ կասկածներ կան, որ մեքենայում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է եղել և Շահին Մուստաֆաևը»։

Սրբազանն ընդգծեց, որ չի հաստատում, որ դա այդպես է, բայց նրանք իրավունք են տվել հազարումի ենթադրություն անելու։ Ըստ նրա՝ ամեն ինչ տեղի է ունեցել Կառավարության հրահրմամբ, նշեց՝ 30 տարի շարունակ սահմանի ժողովուրդը պահել է ամբողջ ՀՀ-ի պատիվը միայնակ, ապա նաև հայոց բանակի ներկայությամբ, բայց չեն լքել ո՛չ գերեզման, ո՛չ տուն, ո՛չ հող, ո՛չ ջուր։

Դիմեց կրթական բոլոր օջախներին՝ բուհերին, դպրոցներին, ուսուցիչներին, որ իրենց ձայնը բարձրացնեն, խոսեն ճշմարտության մասին, չպետք է ուրանալ ժողովրդին, պետք է ընդվզել, անշուշտ՝ օրինական ձևով։

«Խխունջացած մի՛ ապրեք, մտածեք ձեր խղճի, ինքնասիրության և ձեր ինքնության մասին», – ասաց Սրբազանը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել