Նախատեսվում է ՀՀ վարչական, Վերաքննիչ վարչական և Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թիվն ավելացնել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3-ով, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6-ով, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2-ով ավելացնել։

Iravaban.net-ի փոխանցմամբ նշված դատարաններում դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում մասնավորապես ասվում է․

«Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 13-ի առաջարկությանը՝ հետևյալ դատարաններում և թվակազմով՝

1) Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորների թվակազմը 3 դատավորով.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով.

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով»:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ վարչական դատարանների յուրաքանչյուր տարվա գործունեության վիճակագրական պատկերը ցույց է տալիս դատական գործերի թվի աննախադեպ աճ՝ առաջացնելով դատական գործերի կուտակումներ, ինչն իր հերթին հանգեցնում է գործի քննության ողջամիտ ժամկետների խախտման: Միաժամանակ, վարչական դատական համակարգի մեկ օղակի ծանրաբեռնվածությունը շղթայաբար հանգեցնում է մյուս օղակների ծանրաբեռնվածության։

Մասնավորապես, 2023 թվականի ընթացքում Վճռաբեկ դատարանի վարչական պալատը, որը գործում է 5 դատավորի թվակազմով, ստացել է 2197 բողոք՝ շուրջ 30 տոկոսով ավելի, քան Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը՝ 7 դատավորի թվակազմով գործելու պայմաններում։ Նույն ժամանակահատվածում՝ վերաքննիչ վարչական դատարանը, որը գործում է 4 դատական կազմով (յուրաքանչյուր կազմում՝ 3 դատավոր), ստացել է շուրջ 1700-ով ավել դատական գործ, քան վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ 6 դատական կազմով (յուրաքանչյուր կազմում՝ 3 դատավոր) գործելու պայմաններում։ Վարչական դատարանում դատական գործերի վիճակագրության դինամիկ պատկերը ցույց է տալիս ստացվող վարչական գործերի քանակական շեշտակի աճ, ինչը հղի է ուշացած արդարադատության արդյունքում արդար դատաքննության իրավունքի խախտման ռիսկով։

Ուշագրավ է նաև, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում գործի վերաքննությունն իրականացվում է «ex officio»՝ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու, սկզբունքի հիման վրա (ի տարբերություն քաղաքացիական դատավարության), որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (“ex officio”) պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում: ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (“ex officio”) սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (“ex officio”) սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից` չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն՝ առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել: Իսկ մյուս կողմից՝ վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը՝ այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով: Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու (“ex officio”) սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վրա դրված այս պարտականությունը կրկնապատկում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ յուրաքանչյուր գործով պատշաճ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ ժամանակի անհրաժեշտությունը, ինչը դատարանի ծանրաբեռնվածությանը զուգահեռ երկարաձգում է յուրաքանչյուր առանձին գործի քննության ժամկետը:

Այսպես օրինակ՝ Վերաքննիչ վարչական դատարանը ծանրաբեռնվածության արդյունքում ներկա պահին հերթական դատական նիստը նշանակում է 2025 թվականի ապրիլ ամսին:

Ստեղծված իրավիճակն անկասկած հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատարանի կամ դատավորի գերծանրաբեռնվածությունը` որևէ կերպ չի կարող արդարացում համարվել արդարադատություն հայցող անձի արդար դատաքննության իրավունքի խախտման համար, որի տարրերից է հանդիսանում ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:

Վերոգրյալով պայմանավորված, ինչպես նաև կարևորելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարաններում գործերի բաշխման համաչափության ապահովման, դատավորների ծանրաբեռնվածության թոթափման, և հատկապես՝ անձի արդար դատաքննության իրավունքի առկա երաշխիքների պահպանման անհետաձգելի անհրաժեշտությունը, անհրաժեշտ է ավելացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորների թվակազմը, ինչպես նաև նշված դատական կազմերի և նշված դատարաններում այլ աշխատակիցների թվակազմը ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել