«Խնդրում եմ՝ ինչ վերաբերմունք եղել է Միհրան Պողոսյանի ներկայացուցիչների հանդեպ, նույնը լինի Գագիկ Բադալյանի ներկայացուցիչների հանդեպ»․ փաստաբանը՝ դատախազին

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ապրիլի 17-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Պողոսյանի ներկայացուցիչը միջնորդությամբ հանդես եկավ՝ ասելով, որ քանի որ նախորդ նիստին խնդրել էին դատարանին տրամադրել հաշվարկները՝ անորոշ հաշվարկների ուսումնասիրման ու պարզաբանման նպատակով, այդ  հաշվարկները իրենց տրամադրվել են ուրբաթ օրը, ժամանակը շատ քիչ էր ուսումնասիրելու համար, իսկ հաշվարկները՝ լայնածավալ։

Նրա խոսքով՝ հնարավորություն պետք է ընձեռվի դրանց ամբողջությամբ ծանոթանալու և իրենց քայլերը մշակելու համար, խնդրեց ողջամիտ ժամանակ տրամադրել, որպեսզի կարողանան հետագայում բովանդակային պարզաբանում կատարել հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ։

Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ նիստին ինքը ևս խնդրել է, որպեսզի այդ հաշվարկներն իրենց ներկայացվեն, բայց առհասարակ չեն ստացել։

Դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց, որ նախորդ դատական նիստին պայմանավորվածություն է ձեռք բերվել հաշվարկները տրամադրել միայն Միհրան Պողոսյանի և վերջինիս շահերը ներկայացնող փաստաբաններին, այդ իսկ պատճառով տրամադրվել է միայն նրանց, իսկ եթե Բադալյանի ներկայացուցիչները ևս ցանկանում են ունենալ, կարող են դատարանից վերցնել։

«Կողմը ճիշտ է նշում, աշխատանքային ֆայլում ներկայացվածը ծավալուն է, և քանի որ մեկ նիստով ենթակա հարցեր չեն, միգուցե նպատակահարմար կլինի սպառել որոշակի խմբի հարցեր որոշակի տարիների վերաբերյալ և հաջորդ դատական նիստին կարող ենք շարունակել։ Փոքր-ինչ ուշացումով է ուղարկվել, քանի որ իմ մոտ առկա աշխատանքային ֆայլը պետք է համադրվեր պարոն Կարապետյանի մոտ առկա ֆայլերի հետ, իսկ պարոն Կարապետյանն արձակուրդում էր գտնվում, ՀՀ-ում չէր»,-նշեց դատախազը։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ չի հիշում ու չի պատկերացնում՝ դատարանը ասեր միայն մի կողմի ներկայացուցիչներին ներկայացրեք, պատասխանողի ներկայացուցչին մի ներկայացրեք․ «Եթե կա դեպք, որ Դուք կողմի ներկայացուցիչներին ինքնուրույն նյութ եք ներկայացրել, ես նույն հավասար իրավունքները պետք է ունենամ, այստեղ զենքերի հավասարությունից ենք խոսում, ես չպիտի դիմեմ դատարան, ստանամ մի բան, որը մյուս ներկայացուցիչը ստացել է հենց կողմից, ես խնդրում եմ՝ ինչ վերաբերմունք եղել է Միհրան Պողոսյանի ներկայացուցիչների հանդեպ, նույն վերաբերմունքը լինի Գագիկ Բադալյանի ներկայացուցիչների հանդեպ»։

Տիգրան Ենոքյանն ասաց, որ կողմը խնդրել է աշխատանքը հեշտացնելու նպատակով տրամադրվի էլեկտրոնային տարբերակը, իրենք ընդառաջել են, իսկ եթե ցանկություն կա ստանալու, դատարանից կարող են ստանալ․ «Ես մտածել եմ, որ դուք փաստաբանական թիմով կարող եք ներքին կարգով դա նույնիսկ վերցնել միմյանցից»։

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ թիմ չկա, տարբեր մարդիկ են, շահերի բախում էլ հնարավոր է առաջանա․ «Կարող ա Միհրան Պողոսյանը մի օր ասի՝ էդ գույքն իմն էր, Գագիկ Բադալյանն ասեր՝ ոնց էր քոնը, իմն էր, կամ հակառակը․ մենք շահերի բախում ունենք»։

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչն ասաց, որ բոլորն էլ հավասար պատասխանողներ են, ամեն մեկն իր դիրքորոշումն ունի։

Միհրան Պողոսյանի մյուս ներկայացուցիչն էլ հաշվարկների վերաբերյալ նշեց, որ անհրաժեշտ է հետաձգել նիստը, որպեսզի հասցնեն ծանոթանալ նյութերին ամբողջությամբ և դիրքորոշումներ հայտնել։

Դատախազ նշեց, որ աշխատանքային հարաբերություններից ելնելով կարող է ֆայլն էլեկտրոնային տարբերակով ուղարկել Հովհաննիսյանին, բայց ինքը նման պարտավորություն չունի ցանկացած պարագայում բոլոր կողմերին ուղարկելու։

Պատասխանող կողմի ներկայացուցիչները նշեցին, որ դեռևս միջնորդություններ չունեն։

Դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ դատական նիստը՝ մայիսի 21-ին։

Մարիամ Շահնազարյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել