Հրայր Թովմասյանի գործով միջնորդությունների քննարկումներն ավարտվեցին

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Այսօրվա նիստը շուրջ 15 րոպե է տևել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ սահմանված ժամկետում ներկայացվել էր դիրքորոշում հայցվորի ներկայացուցչի կողմից՝ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության մասին, որը մուտքագրվել է այսօր։

Հայցվորի կողմից նաև ներկայացվել էր հայցային վաղեմություն կիրառելու ժամկետի հաշվարկի վերաբերյալ դիրքորոշում և գրավոր ապացույցներ թույլատրելու վերաբերյալ միջնորդություն։

Գևորգ Քոչարյան

Հայցվորի ներկայացուցիչ, դատախազ Գևորգ Քոչարյանը նշեց, որ իր դիրքորոշումը ներկայացրել է նաև գրավոր։ Դիրքորոշումը վերաբերում էր այն հարցին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, իրենց դիրքորոշմամբ, գործում է 1 վաղեմության ժամկետ, որը սկսվում է գործի ուսումնասիրություն սկսելու որոշման կայացման պահից և ավարտվում է հայցը հարուցելու մասով։ Երկու գործողությունների միջև ընկած ժամանակահատվածը «երեք տարին չպետք է գերազանցի»։

Փաստաբան Արթուր Հովհաննիսյանը դատարանում հայտարարեց, որ միջնորդության մեջ նշված է՝ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետի վերաբերյալ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը փոխլրացնող է, այլ ոչ թե բացառող։

«Բաղրամյանի պողոտայի և Ալեք Մանուկյանի փողոցի հասարակական տարածքների գործարքների մասով 2019 թվականին էր պետությունը դիտել, որ այս գույքերը ենթադրաբար ապօրինի գույքեր են և պատկանում են, իրականում, նրա գնորդ Հրայր Թովմասյանին, իսկ հայցադիմումը ներկայացրել են 2023 թվականին, այսինքն՝ եռամյա ժամկետի խախտմամբ»,- ասաց Հովհաննիսյանը։

Արթուր Հովհաննիսյան

Իր ասածի հիմնավորող փաստաթղթերից են պետական գրացման վկայականները, անշարժ գույքի օտարման պատճենները, բացի այդ նաև Հրայր Թովմասյանի և Լամարա Խուդավերդյանի հայտարարագրերի պատճենները, որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը, որով ասվում էր՝ դեռևս 2019 թվականից պետությունը գիտեր այս երկու գույքերի ձեռքբերման մասով ենթադրաբար օրենքի խախտման մասին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրության պատճենը։

Ապացույցների հետ կապված դատախազը նշեց, որ իրենց դիրքորոշմանը հակասող որևէ ապացույց չկա, խոսքը ոչ թե փաստերին, այլ դիրքորոշումներ միջև տարբերության, իրավական գնահատականներին է վերաբերում։

Դատավորի խոսքով՝ ներկայացված ապացույցները թույլատրելի, վերաբերելի են, դրանք կգնահատվեն դատական ակտով․ միջնորդության քննարկումն ավարտվեց։

Դատական ակտը կհրապարակվի ապրիլի 22-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել