«Խաչքարերի պուրակում»՝ Արամ Մանուկյանի արձանի մոտ, առանց թույլտվության մոտոցիկլետներ են կայանված։
Iravaban.net-ը մոտեցավ այդ հատված՝ պարզելու՝ ում են պատկանում դրանք, սակայն նա այդպես էլ չգտնվեց։ Ոստիկանությունից մեզ պատասխանեցին, որ հարցը իրենց տիրույթում չէ, և որ քաղաքապետարանից պետք է մոտոցիկլետների կայանման համար թույլտվություն կա՛մ տան, կա՛մ՝ ոչ։
Հարցին՝ այդ հատվածում մոտոցիկլետ կայանելու համար լիցենզիա առկա՞ է՝ քաղաքապետարանի լրատվության վարչությունից պարզաբանեցին, որ իրենք նման թույլտվություն չեն տրամադրել․ «Դա օրենքով կանոնակարգված չէ, այդ պատճառով մենք որևէ թույլտվություն չենք տալիս, ոստիկանությունը պետք է որոշեր, թե ինչ պետք է անի դրանց հետ։ Բայց այդ մասով մենք թույլտվություն չենք տվել, և առհասարակ նման բաների թույլտվություն չենք տալիս»։
Այսպիսով, քաղաքում դա միակ տեղը չէ, որտեղ մոտոցիկլետների, սկուտերների սեփականատերերն առանց թույլտվության կայանում են դրանք, հատկապես՝ Կենտրոն վարչական շրջանում։ Սակայն ոստիկանությունը նշված տարածքները դրանցից ազատելու քայլեր չի ձեռնարկում։