Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
«Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։
«Մետեո Մադագասկար» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ու ուժեղ քամիներից տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Դիանա և Սավա շրջաններում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ Անալանզիրուֆու և Ամբատուսուա շրջաններում՝ դեղին մակարդակ։ Իշխանությունները զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։ Սպասվում է, որ ցիկլոնը կտարածվի «կանաչ կղզու» արևելյան ափով՝ դեպի Վուեմար քաղաք։
Մադագասկարը տարեկան մոտ 30-40 արևադարձային ցիկլոն է ունենում հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: Դրանք հաճախ կործանարար են: Վերջին փոթորիկը Ֆրեդի ցիկլոնն էր, որը ձևավորվել էր Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում, և պահպանվել էր շուրջ 38 օր։ Այն մեծ վնասներ էր հասցրել Մադագասկարին, ինչպես նաև Մավրիկիոսին, Մալավիին և Մոզամբիկին: Այս անգամ Գամանե ցիկլոնն «ուշացումով» եկավ Մադագասկար՝ փոթորիկների սեզոնի վերջում»,-նշվում է հաղորդագրության մեջ։