Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի ունեցավ։ Հենց հանդիպման սկզբից իմ գործընկերն ասաց, որ չի կարող և չի պատրաստվում քննարկել հարցեր, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Դա ինձ համար ընդունելի տարբերակ էր, չնայած, որ ես հանդիսանում եմ նաև իշխող կուսակցության վարչության անդամ եմ և կարող էի ինչ-որ հարցեր քննարկել, որոնք խորհրդարանական դիվանագիտության շրջանակից դուրս են։ Ես հնարավորինս փորձեցի նրան ներքաշել այդ քննարկման մեջ, և պետք է ասեմ, որ զրույցը բավականին կառուցողական էր»,- մանրամասնեց Սիմոնյանը։
Հարցին, թե ինչո՞ւմ էր կայանում այդ կառուցողականությունը, Ալեն Սիմոնյանը պարզաբանեց․ «Կառուցողականությունը կայանում էր նրանում, որ մենք համաձայնեցինք, որ երկուստեք անվստահության մթնոլորտ կա։ Իրենք մեզ չեն վստահում ու ասում են, որ մենք հարձակվելու ենք։ Նա առաջ էր քաշում իրենց նարատիվները, որոնց մասին մշտապես խոսում են։ Նա փորձեց ինձ վստահեցնել, որ իրենց կողմից որևէ սադրանք կամ որևիցե բան չի նախապատրաստվում։ Ես հակադարձեցի՝ ասելով, թե այդ դեպքում ինչի համար են այդքան մեծ քանակությամբ զենք գնում, նա էլ ինձ մեղադրեց նրա մեջ, որ մենք ենք զենք գնում։ Մի խոսքով՝ փոքր վեճ սկսվեց, որից հետո մենք վերադարձանք խորհրդարանական հարթություն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահն ընդգծեց, որ հանդիպման ժամանակ որոշում են կայացրել շփումներ սկսել խորհրդարանական մակարդակում։ «Ես ասացի, որ այս հարցը պետք է քննարկեմ մեր խմբակցության և մեր թիմի հետ։ Նա նույնպես պատրաստակամություն հայտնել իրենց ներսում քննարկել, և մենք պայմանավորվեցինք հաջորդ հանդիպման վերաբերյալ, որը նախնական պայմանավորվածությամբ կկայանա մայիսի կեսերին»,- նշեց Ալեն Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ հանդիպումը կրկին կկայանա Միջխորհրդարանական միության հարթակում, քանի որ այս պահին երկու կողմերի համար էլ դա ամենաընդունելի հարթակն է։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել էր Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Հանդիպման վերաբերյալ Հայաստանի ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: