ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտակցում է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերի մասին, որոնք բարդացնում են այդ կարգավորումը
«Մենք ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին և պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել։ Իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար»,- ասել է Լավրովն Известия-ին տված հարցազրույցում։
Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները կապի մեջ չեն լինում ռուսական կողմի հետ, և ինքը վերջին անգամ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է 2023 թվականի նոյեմբերին։
2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Անցյալ տարվա մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմից։ Սկզբում առաքելության ընդհանուր քաղաքացիական անձնակազմը կազմում էր մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ մոտավորապես 50 անզեն դիտորդներ: Դեկտեմբերին ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են դրա թիվը հասցնել 209-ի։