Գեներալ-մայոր Մհեր Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվեց․ դատարանն ապացույցների հետազոտման հաջորդականություն կսահմանի

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 26-ին, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ տեղի ունեցավ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության նախկին պետ Կամո Քոչունցի, ՊՆ իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի, ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության նախկին պետ, ներկայումս ԶՈՒ սպառազինության պետ Մհեր Շիրինյանի գործով դատական նիստը։

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Քոչունցը, ընդգրկված լինելով ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կազմում որպես հանձնաժողովի անդամ, խմբային շահերից ելնելով՝ նույն հանձնաժողովի կազմում ընդգրկված ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանի, ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավար Արիս Բրուտյանի, ՊՆ ԶՍՊ վարչության պետ Սերժ Առուշանյանի, իրավաբանական վարչության պետ Սասուն Սիմոնյանի, կադրերի և ռազմական կրթության վարչության պետ Մհեր Շիրինյանի, ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի և ԶՈւ ԳՇ կադրերի վարչության պետ Ստեփան Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018թ. հունվարին ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Երևանի բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանների բաշխման գործընթացում իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստին ներկայացել էին 20-ից ավելի տուժողներ։ Դատավորը նշեց, որ այս գործի շրջանակներում հասել էին ապացույցների հետազոտման կարգի և հաջորդականության հարցի քննարկմանը։

Մինչև կարգի սահմանմանն անցնելը, Մհեր Շիրինյանի պաշտպանը միջնորդեց ամբաստանյալի խափանման միջոցը փոխել։ Մասնավորապես՝ նա նշեց, որ Շիրինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, որը դատարանի կողմից սահմանվել է նախորդ դատական նիստում։ Հիմա, հաշվի առնելով, որ Մհեր Շիրինյանը ծառայողական անհրաժեշտություններից, ինչպես նաև անձնական խնդիրներով պայմանավորված հնարավոր է՝ կարճ ժամանակով բացակայի ՀՀ-ի սահմաններից, խնդրեցին այն փոխել։

Պաշտպանը նշեց, որ Մհեր Շիրինյանը կոչումով գեներալ-մայոր է, հիմա գտնվում է ծառայության մեջ, որևէ վտանգ չի կարող լինել վերջինիս կողմից չկատարելու դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները։ Նա ամուսնացած է, ունի երեք անչափահաս երեխա։ Նա առաջարկեց բացակայելու արգելքը փոխարինել գրավով․ Վազգեն Հարությունյանն ասաց, որ Շիրինյանը պարտավորվում է իր անձնական միջոցներից մինչև 2 միլիոն դրամ գրավի գումար վճարել:

Դատախազ Արման Նշանյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց իր դիրքորոշումը՝ նշելով, որ հարցը լուծվել է նախորդ նիստի ընթացքում, իր դիրքորոշումը նույնն է, գրավը չի կարող ապահովել ամբաստանյալի պատշաճ վարքագիծն այս քրեական գործով դատաքննության ընթացքում։

Դատավորի խոսքով՝ նախորդ դատական նիստին քննարկվել է առհասարակ խափանման միջոց լինել-չլինելու հարցը։ Շիրինյանի ներկայացուցիչը սակայն դատարանում հայտարարեց, որ 2019 թվականից քրեական գործը հարուցված է, գտնվել են քննության փուլում մինչև 2023 թվականի դեկտեմբերի 22-ը, Մհեր Շիրինյանը և գործով մյուս մեղադրյալները դրսևորել են պատշաճ վարքագիծ․ «Պարզվեց՝ այս երկու-երեք ամսվա մեջ վերջիններս չեն կարող դրսևորել պատշաճ վարքագիծ։ 2 միլիոն դրամը բավարար է, որպեսզի մեղադրողի մոտ կասկած չառաջանա, որ Մհեր Շիրինյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ»։

Դատարանը, լսելով երկու կողմերի դիրքորոշումները, որոշեց ներկայացված միջնորդությունը բավարարել։

Այնուհետև դատախազ Արման Նշանյանը ներկայացրեց այն ապացույցների ցանկը, որոնցով, ըստ նրա, առաջադրված մեղադրանքները հիմնավորվում են։

Ներկայացվեցին մի քանի վկաների ցուցմունքները, որոնցով, ըստ դատախազի, հիմնավորվել են Բնակարանային հանձնաժողովի կողմից Երևանում բնակարաններ տրամադրելու գործընթացում առկա խախտումները։ Հանրային մեղադրողը նշել է, որ բնակարանների բաշխման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործվել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

«Վկա Սիմոն Խաչատրյանի ցուցմունքի համաձայն հաստատվել է վերջինիս կողմից բնակարանային հաշվառման մեջ չգտնվելու պայմաններում կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից կայացված ենթակայության փաստը և առանց նրա բնակարան հատկացնելու հարցը քննարկելու, բնակարան հատկացնելու հանգամանքը։ Հաջորդ վկայի ցուցմունքի համաձայն հաստատվել է Երևանի նշված հասցեում բնակարան հատկացնելու գործընթացն ավարտելուց հետո, ըստ էության, առանց հարցի քննարկման որոշ ժամանակ անց նրան ցուցակում ընդգրկելու և բնակարան հատկացնելու հանգամանքը»,-նշել է ն դատախազը։

Արման Նշանյանի խոսքով՝ մյուս վկաների ցուցմունքներով հաստատվել է առանց վերջիններիս բնակարան հատկացնելու հարցը հանձնաժողովի նիստում քննարկելու, նախարարի սահմանած բանավոր առաջնահերթությամբ բնակարաններ հատկացնելու հանգամանքը։ Վկա Կամո Աբրահամյանի ցուցմունքով էլ հաստատվել է վերջինիս ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ լինելու, հետևաբար՝ զինծառայող չհանդիսանալու պայմաններում հանձնաժողովի կողմից տրված հիմքով բնակարան հատկացնելու հանգամանքը, նշել է դատախազը։

Մեղադրողը նշել է նաև, որ տուժողների ցուցմունքներով, մասնավորապես՝ Արմեն Կիրակոսյանի, Գևորգ Ստեփանյանի, Կարեն Ռուստաբաշյանի, Ռուբեն Հովհաննիսյանի, Արա Առաքելյանի, Վահագն Խամբերյանի, Արմեն Հովհաննիսյանի, Արմեն Գևորգյանի ցուցմունքներով հաստատվել է վերջիններիս կողմից երեք սենյականոց բնակարանով ապահովման ենթակա զինծառայողների առկա ցուցակում լինելու և նրանց բնակարան չտրամադրելու, նրանցից հետո հերթագրված անձանց բնակարաններ տրամադրելու հանգամանքը։

«Տուժողներ Գարիկ Զաքարյանի, Հայկ Գրիգորյանի, Արեգ Վարդանյանի ցուցմունքներով հաստատվել է վերջիններիս  կողմից երկու սենյականոց բնակարանով ապահովման ենթակա զինծառայողների ցուցակում հաշվառված լինելու պայմաններում ցուցակում իրենցից հետո հերթագրված անձանց բնակարան տրամադրելու հանգամանքը։

Տուժողներ Սիրանուշ Անախասյանի, Լիլյա Պապիկյանի, Արսեն Ծառուկյանի, Էդգար Գյոզալյանի, Սուսաննա Խաչատրյանի, Մնացական Ավետիսյանի, Սարգիս Շահվերդյանի, Ստեփան Լալայանի, Արամ Թովմասյանի, Վաղարշակ Հունանյանի, Վարդգես Համբարձումյանի, Դավիթ Սարգսյանի, Գայեն Հարությունյանի, Արմեն Ղազարյանի, Արթուր Կարապետյանի, Գևորգ Հակոբյանի ցուցմունքներով հաստատվել է վերջիններիս կողմից բնակարանով ապահովման ենթակա զինծառայողների ցուցակում հաշվառված լինելու պայմաններում ցուցակում նրանցից հետո հերթագրված անձանց բնակարաններ տրամադրելու հանգամանքը»,-նշել է Արման Նշանյանը։

Հանրային մեղադրողը նշեց նաև, որ մեղադրյալներ Կամո Քոչունցի, Մհերի Շիրինյանի և Սասուն Սիմոնյանի ցուցմունքներով հիմնավորվել է Բնակարանային կենտրոնական հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի նշված հասցեում գտնվող շենքից բնակարաններ տրամադրելու գործընթացի, ինչպես նաև նախարարի հանձնարարությամբ մի շարք զինծառայողների՝ առանց վերջինիս բնակարանների վերաբերյալ հարցը քննարկելու, գործերն ուսումնասիրելու, բնակարաններ տրամադրելու հանգամանքները։

Հանրային մեղադրող Արմեն Նշանյանն ըստ հերթականության դատարանին և դատավարության մասնակիցներին ներկայացրեց քննության արդյունքում ձեռք բերված ապացույցները։

Դատախազն առաջարկեց սահմանել ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ սկզբում հետազոտել փաստաթղթերը, դրանից հետո հարցաքննել վկաներին, տուժողներին, այնուհետև՝ մեղադրյալներին։

Դատավորը նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հաջորդ հարցը վերաբերում է ապացույցների թույլատրելիությանը։ Սասուն Սիմոնյանի պաշտպան Հարություն Խալաթյանը հայտնեց, որ այդ մասով միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն ոչ այս նիստի ընթացքում։

Հաջորդ դատական նիստը՝ մայիսի 7-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել