Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց

Վազգեն Սաղաթելյանը երկու ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

«Նրան հիմա տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Կստանանք դատական ակտը և կպատրաստենք համապատասխան բողոք: Նույնիսկ եթե համարենք, որ հանցագործությունը նման է խուլիգանության, այլընտրանքային խափանման միջոցներ կան, դատարանը նույնիսկ չքննարկեց այդ հարցը»,-նշել է Բաբայանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ յութուբյան ալիքով հեռարձակվող հաղորդման 2 վարողներին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

2024թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել