Պարոնյան փողոցում Ոստիկանության ավտոտնտեսության պետ Վարդան Ավագյանի մասնակցությամբ վթար էր տեղի ունեցել, որի հետևանքով 60-ամյա կին է մահացել:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը դեպքի վերաբերյալ մեզ հետ զրույցում նշեց. «Նախաձեռնվել է քրեական վարույթ, անձին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Վերջինս ինքնակամ է ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, լիովին իրեն մեղավոր է ճանաչել։ Օրգանիզմում ալկոհոլի առկայության վերաբերյալ չկան տվյալներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»։
ՀՀ քրեական օրենսգքրի 342-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելուն, իսկ 2-րդ մասը խախտելու արդյունքում մարդու մահվան է վերաբերում։
Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով: