Փաստաբան Արամ Վարդևանյանը իր Ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու վերաբերյալ։
«Հարգելի գործընկերներ, Ժողովրդավարության առաջին, իրական կյանքում ակնհայտ բնութագրիչներից է Ոստիկանության ուժի կիրառման սահմանափակումը: Ոստիկանության կողմից ուժի կիրառումը բացառիկ, ծայրահեղ բացառիկ միջոց է: Անընդունելի է որևէ իրավիճակում դիմադրություն չցուցաբերող կամ փախուստի չդիմող անձի նկատմամբ ծայրահեղ ձևով, անհամաչափ ուժի կիրառումը, որին ականատես ենք եղել այսօր Նարեկի նկատմամբ: Ակնհայտ է նաև, որ հանրային գործչի նկատմամբ Ոստիկանության կողմից գործողությունները պետք է լինեն առավել քան զուսպ, ինչը բազմիցս էր հայտարարվել Եվրոպական կառույցների կողմից: Ավելին՝ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության նման ձևով ուժ կիրառվել է իբրև միջին ծանրության հանցանքի դեպքի վերաբերյալ, իսկ հենց այդ տվյալն, արդեն իսկ բացառում է նման ձևով ուժի նույնիսկ հիպոթետիկ անհրաժեշտությունը», – նշել է նա։