Պետդումայում մեկնաբանել են «Միր» քարտերից հրաժարումը

Հայաստանի բանկերի՝ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործունեությունը դադարեցնելու որոշումն առաջին հերթին հարվածելու է հենց Հայաստանին, ինչպես նաև նրա բնակիչներին, «ՏԱՍՍ»-ին ասել է ՌԴ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը։

Հիշեցնենք՝ ՀՀ առևտրային բանկերը որոշել են դադարեցնել «Միր» վճարային համակարգի հետ համագործակցությունը։

«Բուն Հայաստանի համար ավելի շատ բացասական հետևանքներ կան։ «Միր» քարտից օգտվում են Հայաստանի բազմաթիվ բնակիչներ և ՌԴ քաղաքացիներ, որոնք հաճախ են այցելում այնտեղ։ Իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում»,- ասել է պատգամավորը։

Ակսակովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջերս օրենք է ընդունել, որը թույլատրում է թվային ֆինանսական ակտիվների օգտագործումը միջազգային վճարումների համար, և առաջարկել է Հայաստանին անցնել թվային ռուբլու կիրառման:

Նշենք, որ ՎՏԲ Հայաստան Բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ներկայացուցիչը РБК-ին հայտնել է, որ 2024 թվականի մարտի 30-ից հայկական բանկերի մեծ մասը կդադարեցնի ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի ընդունումը։ Ինքը՝ ՎՏԲ դուստր ձեռնարկությունը, բացառություն կլինի և կշարունակի աշխատել ռուսական քարտերով։ Այս տեղեկությունը հրապարակմանը հաստատել է ռուսական վճարային շուկայում աղբյուրը։

«Մարտի 30-ից օգտվողներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներում և կանխիկացնել հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Դա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ քարտերի (Հայաստան) աշխատանքի վրա»,- РБК-ին ասել է ՎՏԲ-ի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչը։

Նա հայտնել է, որ ՎՏԲ Հայաստանը շարունակում է «Միր» քարտերի լիարժեք սպասարկումը:

Փետրվարի 23-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ազգային վճարային քարտերի համակարգի ՝ «Միր» օպերատորի դեմ: Ընկերությունը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի երկրի ներսում վճարային ծառայությունների աշխատանքի վրա, իսկ վճարային համակարգի կողմից օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու սահմանափակումներ չկան։ Օտարերկրյա բանկերն ինքնուրույն են որոշումներ ընդունում «Միր» քարտերի ընդունման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել