Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է հաշտության համաձայնությունը, որով Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը Հայաստանին է փոխանցելու ավելի քան 608 մլն 634 հազար դրամ գումար, որը կազմում է ապօրինի ծագում ունեցող գույքի ավելի քան 75 տոկոսը։
Որոշումը կայացրել է դատավոր Կարապետ Բադալյանը:
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարանին` Հովիկ Աբովյանից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում։
Նշվում է, որ գույքի բռնգանձման անհնարինության դեպքում անհրաժեշտ է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել դրանց միջին շուկայական արժեքները՝ 1 մլրդ 256 մլն 765 հազար դրամ։ Բացի այդ, պահանջ է ներկայացվել բռնագանձելու նաև երեք շարժական գույք, երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունք, չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ։