ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայող Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Էմմա Խ․-ին ծեծի ենթարկելու համար։ Iravaban.net-ը հայտնում է, որ գործը դատարան է ստացվել մարտի 13-ին։
Նշվում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի ավագ հսկիչը 2022 թվականի հոկտեմբերի 03-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծի է ենթարկել Էմմա Խ․-ին։
«․․․Ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի, գլխի, մեջքի և ձեռքերի շրջաններին՝ պատճառելով աջ բազկի միջին երրորդականի դրսային մակերեսների մեկական արյունազեղումների ձևով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք և քթոսկրերի կոտրվածք, որը պատճառել է առողջությանը թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին։ Արամայիս Հ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: