«Դա ինձ համար անընդունելի երևույթ է»․ դատավոր Գյոզալյանը՝ դեպարտամենտի պատրաստած տեսանյութի մասին

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով դատավոր Գեւորգ Գյոզալյանը կարծում է, որ դատավորը, որպես բարձր կարգավիճակ ունեցող անձնավորություն, բոլոր ժամերին է դատավոր և չպետք է ունենա գրագրություն, որի համար կարող է ամաչել:

«Մամուլից եմ տեղեկացել այդ երեւույթի մասին, մտահոգված եմ երկու առումով, որքան որ ծանոթ եմ բաց աղբյուրներից, այդ գրագրությունը եղել է 2020 թվականին: Չգիտեմ՝ ով է հրապարակայնացրել, բայց մտահոգիչ է, մտահոգիչ է նաեւ, որ դատավորը կարող է ունենալ հայհոյախառն լեքսիկոն: Դա ինձ համար դատապարտելի է, անընդունելի գործելաոճ է: Դատավորն առհասարակ չպետք է հայհոյի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Դիտարկմանը, թե դատավորը սովորական քաղաքացու պես ունի նամակագրության գաղտնիության իրավունք, եւ ինչ-որ մեկի հետ չատ ունենալը չպետք է պատճառ դառնա համակարգը լքելուն, պարոն Գյոզալյանն այսպես արձագանքեց. «Կոնկրետ դեպքը նկատի չունենալով՝ դատավորները քննում են զրպարտության գործեր, դատում են այն մարդկանց, որոնք այդ վիրավորական արտահայտություններն անում են: Երբ դու դատում ես ինչ-որ մեկին այդ արարքի համար, առնվազն քո համար պետք է կանոններ գծես, եթե դու դատում ես մեկին մի արարքի համար, բայց ինքդ ես անում, դա դատավորի համար անթույլատրելի է: Մասնավոր զրույց է, քանի դեռ այդ երրորդ անձը չի հրապարակել այդ խոսակցությունը, դու չես կարող պաշտպանվել թե մասնավոր է էդ դեպքում»:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Լրագրողները պարոն Գյոզալյանից նաև հետաքրքրվեցին՝ դատական դեպարտամենտի հրապարակած ֆիլմից, որտեղ կոնկրետ դատական գործերի ուսումնասիրություն էր իրականացվել, նշվում էին մեղավորներ: «Անընդունելի երևույթ է ինձ համար, իրավունք չունի որևէ մեկը որեւէ ֆիլմ նկարել՝ չլսելով դատավորին, հնարավորություն չտալով արտահայտվել, իմ գործընկերների մոտ էլ եմ բարձրաձայնել»,-ասաց Գյոզալյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել