«Հարմարեցված ցուցմունքները ստանալու բերումով նրանց խափանման միջոցները փոխվում են»․ Տիգրան Եգորյանը՝ Վահան Քերոբյանի գործի մասին

Քննչական կոմիտեն մեզ պատմում է, որ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, միջոցառումներ են կատարել և պարզել են, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք ինչ-որ նախնական համաձայնությամբ՝ դիտավորություն ունենալով կոնկրետ մի կազմակերպությանն օժանդակելու ընդդեմ մյուսի, իրականացրել են հակամրցակցային քաղաքականություն և գործողություններ, խախտել են գնումների մասին օրենքը, խախտել են կառավարության որոշում և արդյունքում մի կազմակերպության դուրս են հանել մրցակցությունից․ այս մասին այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ խոսելով գործի մանրամասների և իրենց կատարած դիտարկումների վերաբերյալ։

Խոսքը «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մասին է։ Գործի շրջանակներում մի քանի անձինք ձերբակալվել են, կալանավորվել, այդ թվում՝ նախկին նախարար Վահան Քերոբյանը, որի նկատմամբ այժմ որպես խափանման միջոց է կիրառված տնային կալանքը։

«Այս ողջ ընթացքում մենք դիտարկել ենք, որ այդ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները բավական մոտ են զրոյին։ Այդ արդյունքներն այնքան ոչ տպավորիչ են և անարդյունավետ են եղել, որ այսօր այդ խիստ խափանման միջոցների կիրառման միջոցով և դրանք ծառայեցնելով անձանց համար որպես ցանկալի ցուցմունքներ տալու հարկադրանքի միջոց՝ սկսել են ձևավորվել ի սկզբանե մտածված նարատիվի հիմքեր, ապացույցներ։ Օրինակ՝ որևէ մեղադրյալի առաջարկվում են ինչ-որ հարցադրումների վերաբերյալ պատասխաններ ու այդ հարմարեցված ցուցմունքները ստանալուց հետո, ինչպես մենք տեսնում ենք Գլխավոր դատախազության հայտարարություններից, հենց այդ ցուցմունքները ստանալու բերումով նրանց խափանման միջոցները փոխվում են, ինչն ակնհայտ է դարձնում այս մարտավարությունը։

Այս ընթացքում է գտնվում գործը և այս գործընթացներն են իրականացվում։ Ավելին ասեմ՝ նախաքաննության մարմինը, կարելի է ասել, հարցեր չունի պարոն Քերոբյանին, ուղղակի չկան այնպիսի բովանդակային լուրջ հարցեր, որոնցից հնարավոր կլինի հասկանալ, որ մարդիկ ցանկանում են քննել, պարզել բազմակողմանիորեն, թե ինչ է տեղի ունեցել»,-ասաց փաստաբանը։

Տիգրան Եգորյանը նշեց, որ այս մոտեցումը, խնդիրը վերաբերում է ՀՀ-ում իրականացվող նախաքննության որակին և դրա նկատմամբ դատախազական հսկողության որակին, որի վերլուծական մակարդակը բավական ցածր է և այն բացարձակ բավարար չի կարող համարվել ՀՀ-ի համար, ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ ստանդարտների նկատմամբ և արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար։


Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ աղդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)։

Փետրվարի 16-ին դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, որոշել է բավարարել մեղադրական կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել