Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել են Անթալիայում և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները։ Նա նաև հայտնել է առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Արարատ Միրզոյան նաև ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել