95 տարեկանում մահացել է ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը:
ԽՍՀՄ նախկին վարչապետ, նախկին սենատոր Ռիժկովի հուղարկավորության օրն ու վայրը դեռ որոշված չէ։
1971-1985 թվականներին Ռիժկովը զբաղեցրել է պետական և կուսակցական բարձր պաշտոններ. 1985-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։
Ռիժկովը միջազգային ասպարեզում հանդես էր գալիս հայանպաստ ելույթներով, կարևորում Հայաստան-Ռուսաստան ռազմավարության անհրաժեշտությունը։
Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 2008 թվականի դեկտեմբերի 5-ին արժանացել է «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի բարձրագույն կոչման։