Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում արտահերթ ընտրությունները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, իշխող քաղաքական ուժը պատասխանատվություն է վերցրել ու մինչև վերջ կտանի: Նա նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք իշխանությունը նոր ընտրությունների մտադրություն ունի:

«Նոր ընտրություններն անթույլատրելի են: Դա պատասխանատվությունից փախչել է: ՀՀ քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, և նման հարց չի քննարկվում, չի քննարկվել»,-ասաց Սիմոնյանը:

Ըստ նրա՝ սա պատասխանատու դիրքորոշում է և թիմի միասնական որոշումն է:

Սիմոնյանը հավելեց՝ իրենց քաղաքական ուժը վերցրել է պատասխանատվություն և մինչև վերջ կտանի: «Մենք առաքելություն ունենք՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր տարածաշրջանին խաղաղություն բերելը: Դրանից հետո ընտրությունների ժամանակը կգա, մենք կներկայացնենք մեր տեսլականը, մեր ընդդիմադիր գործիչները՝ իրենց տեսլականը: Եվ ՀՀ ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրություններով կքվեարկի և կընտրի այն իշխանությանը, որ կգտնի ճիշտ»,-եզրափակեց ԱԺ նախագահը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել