Ալեքսեյ Նավալնիի մորն ու փաստաբաններին թույլ չեն տվել մտնել դիահերձարան, որտեղ ենթադրաբար գտնվում է քաղաքական գործչի մարմինը: Այս մասին հայտնել է Կիրա Յարմիշը:
«Վաղ առավոտյան Ալեքսեյի մայրը և փաստաբանները գնացել են դիահերձարան։ Նրանց ներս չեն թողնում։ Փաստաբաններից մեկին բառացիորեն դուրս են հրել։ Այն հարցին, թե արդյոք Ալեքսեյի դին ներսում է, աշխատակիցները չեն պատասխանում»,- գրել է նա X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Լյուդմիլա Նավալնայան փետրվարի 17-ի առավոտյան ժամանել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվել է նրա որդին: Գաղութի ղեկավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի դիահերձարանում։ Երբ քաղաքական գործչի մայրը ժամանել է այնտեղ, նրան ասել են, որ դիակն իրենց մոտ չէ։ Ավելի ուշ Կիրա Յարմիշը հայտնել է, որ Քննչական կոմիտեն հրաժարվել է մարմինը հանձնել հարազատներին, քանի դեռ ստուգումը չեն ավարտվել։
Новая газета Европа-ն, հղում անելով իր աղբյուրին, գրել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդի շրջանի կլինիկական հիվանդանոցի դիահերձարանում։ Ըստ հրապարակման՝ քաղաքական գործչի մարմինը հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 16-ի երեկոյան։ Փետրվարի 17-ի դրությամբ դիահերձում չի կատարվել։