Լիազորագիր. Գործողության ժամկետներն ու կարևոր պայմանները

Ի՞նչ է լիազորագիրը

Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Այն անհրաժեշտ է, օրինակ, գործարքներ կնքելու կամ անձի անունից տարբեր գործողություններ կատարելու համար։

Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին:

Նոտարական վավերացում

Եթե լիազորագիրը տրվում է նոտարական ձև պահանջող գործարքների համար, ապա այն պարտադիր պետք է վավերացվի նոտարի կողմից։ Օրենքով նախատեսված են նաև բացառություններ, երբ լիազորագիրը կարող է վավերացվել այլ մարմինների կողմից։

Նոտարական վավերացման համարժեք լիազորագրեր

Նոտարի վավերացմանը համարժեք են նաև հետևյալ լիազորագրերը

  • հոսպիտալներում, առողջարաններում և զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը` վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից.
  • զինծառայողների լիազորագրերը, իսկ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հաստատությունների և ռազմաուսումնական հաստատությունների տեղաբաշխման այն վայրերում, որտեղ չկան նոտարական գրասենյակներ ու նոտարական գործողություններ կատարող այլ մարմիններ, ինչպես նաև բանվորների և ծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողների ընտանիքների անդամների լիազորագրերը` վավերացված այդ զորամասերի, զորամիավորումների, զինվորական հիմնարկների կամ հաստատությունների հրամանատարի (պետի) կողմից.
  • ազատազրկման վայրերում գտնվող անձանց լիազորագրերը` վավերացված ազատազրկման համապատասխան հաստատության պետի կողմից.
  • բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող չափահաս գործունակ քաղաքացիների լիազորագրերը` վավերացված նման հաստատության տնօրինության կամ բնակչության սոցիալական պաշտպանության համապատասխան մարմնի ղեկավարի (նրա տեղակալի) կողմից:

Հատուկ դեպքեր

  • Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ և նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև․
  • լիազորողի աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում,
  • բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից,
  • այն բուժհաստատության ղեկավարի կողմից, որտեղ լիազորողը ստացիոնար բուժում է ստանում։

Իրավաբանական անձի լիազորագիր

Իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է կազմակերպության ղեկավարի կամ կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի կողմից։

Կապի միջոցով ուղարկված լիազորագրեր

Հեռագրով, ինչպես նաև կապի այլ միջոցներով ուղարկված լիազորագիրը, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը, հաստատվում է կապի մարմնի կողմից:

  • Երրորդ անձինք իրավունք ունեն իսկական համարել իրենց նկատմամբ գործողություններ կատարելու համար տրված լիազորագիրը, որը լիազորողը լիազորվածին ուղարկել է առանց կապի պաշտոնական մարմինների` ֆաքսիմիլ կամ այլ կապի միջոցով:

Անվճար վավերացում

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացողների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տակ գտնվող անձանց, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, թոշակները, կենսաթոշակները, կրթաթոշակները կամ նպաստները, բանկային ավանդները կամ փոստային առաքանին ստանալու լիազորագրերը հաստատվում են անվճար:

Լիազորագրի ժամկետը

  • Գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել:
  • Եթե ժամկետը նշված չէ, լիազորագիրը ուժի մեջ է մեկ տարվա ընթացքում՝ տալու օրվանից:
  • Լիազորագիր, որի կատարման տարին, ամիսը և ամսաթիվը նշված չեն, համարվում է առոչինչ:
  • Արտասահմանում գործողություններ կատարելու համար նախատեսված և ժամկետ չպարունակող նոտարի վավերացրած լիազորագիր ուժը պահպանում է մինչև այն վերացնելը լիազորագիր տված անձի կողմից։

Կարևոր է իմանալ Լիազորագիրը հանդիսանում է կարևոր իրավական գործիք, որը կարգավորում է ներկայացուցչի և լիազորողի հարաբերությունները։ Նոտարական և այլ հաստատման պահանջները նախատեսված են լիազորագրերի իսկությունը ապահովելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել